Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողանա խոչընդոտել Իրանից նավթի արտահանմանը

Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողանա խոչընդոտել Իրանից նավթի արտահանմանը

ԱՄՆ-ին չի հաջողվի կանխել իրանական նավթի արտահանումը, անկախ նրանից, թե ով կգա իշխանության: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

«Ինչ կառավարություն էլ որ իշխանության գա ԱՄՆ-ում, այն չի կարողանա միջամտել Իրանի Իսլամական Հանրապետության նավթի արտահանմանը և արդյունահանմանը», – նախարարի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը, – «Չնայած նավթի և նավթաքիմիական ապրանքների արտահանման նկատմամբ ավելի քան 600 նոր պատժամիջոցներին, այսօր մենք տեսնում ենք նավթի արտահանման աճ և դեպի երկիր դրամական հոսքերի աճ»:

Նրա խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում նավթի արդյունահանումը երկրում ավելացել է օրական ավելի քան 1 միլիոն 400 հազար բարելով:

Ապրիլի 18-ին Financial Times-ը, վկայակոչելով Vortexa վերլուծական ընկերության տվյալները, հայտնել է, որ իրանական նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույն մակարդակին՝ հիմնականում Չինաստան մատակարարումների շնորհիվ: Ինչպես նշում է հրատարակությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը մատակարարել է օրական միջինը 1.56 միլիոն բարել, ինչը 2018 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Իրանում է նավթի համաշխարհային պաշարների ավելի քան 13%-ը: ՕՊԵԿ-ի տվյալներով՝ երկրի պաշարները կազմում են առնվազն 208.6 միլիարդ բարել: Հիմնական հանքավայրերը գտնվում են հարավային նահանգներում, որոնցից ամենամեծն են Հարավային Պարսը, Հարավային Ազադեգանը և Արաշը (ալ-Դուրրա), որոնք պարունակում են համապատասխանաբար 18 միլիարդ, 9 միլիարդ և 300 միլիոն բարել պաշարներ:

Աղբյուրը՝    b24.am