ՄԱԶԾ-ն ձեռներեցության աջակցության միջոցով խթանում է մարզաբնակ երիտասարդների զբաղվածությունը

ՄԱԶԾ-ն ձեռներեցության աջակցության միջոցով խթանում է մարզաբնակ երիտասարդների զբաղվածությունը
Կարեն Վարդանյանը երիտասարդ ձեռներեց է, Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի մետաղապլաստե պատուհանների և դռների փոքր արտադրության ղեկավար։ «Սա ընտանեկան բիզնես է, հայրս և եղբայրս ևս ներգրավված են,- ասում է Կարենը,- չնայած մեր ջանքերին, մենք խնդիրներ էինք ունենում արտադրության գործընթացի ժամանակ։
Մեր հաստոցները հնացել էին, և հաճախ բավականին ժամանակ էր պահանջվում հաճախորդների կարիքները բավարարելու համար: Ստիպված էինք զոդման համար մեր արտադրանքը տեղափոխել մոտակա համայնքներ՝ պատվերներն ավարտական տեսքի բերելու համար»։
Սիրամարգ Հայրապետյանը բնակվում է նույն մարզի Վայք համայնքում։ Նա նույնպես մետաղապլաստե պատուհանների և դռների արտադրություն է ղեկավարում: «Հնամաշ հաստոցների պատճառով մենք բախվել էինք արտադրողականության, ինչպես նաև՝ արտադրանքի որակի հետ կապված լուրջ խնդիրների, որոնք խոչընդոտում էին մեր արտադրության զարգացմանը,- բացատրում է Սիրամարգը,- և հաճախ չէինք կարողանում բարձրորակ պահեստամասեր պատրաստել մեր վերջնական արտադրանքի համար»։
2024թ․ գարնանը, ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագիրը, երիտասարդների կողմից գործարկվող ձեռնարկություններին աջակցելու նախաձեռնության շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 13 փոքր բիզնեսի տրամադրել է բիզնեսի զարգացման դրամաշնորհ։ Կարենն ու Սիրամարգը վերը նշված ծրագրի շահառուներից են։
ՄԱԶԾ-ի աջակցության շնորհիվ երիտասարդ ձեռներեցները վերազինել են իրենց արտադրամասերն արդիական և բարձրորակ սարքավորումներով, ինչպես նաև ընդունել աշխատակիցներ՝ նոր հաստոցները գործարկելու համար: Կարենը մանրամասնում է. «Գնված հաստոցները զգալիորեն ավելացրեցին մեր արտադրողականությունը և արտադրության ծավալները։ Նախկինում եռակցման համար մենք ստիպված էինք պլաստմասե պատուհանները տեղափոխել այլ վայրեր, հիմա դա անում ենք տեղում, ինչն էապես նվազեցնում է տրանսպորտային ծախսերը և ժամանակ է խնայում նոր պատվերների համար»:
Նմանապես Սիրամարգը նշում է. «Այժմ արտադրում ենք ավելի մեծ ծավալներով և ավելի որակյալ արտադրանք, քան նախկինում։ Մենք իսկապես շատ էինք ցանկանում ձեռք բերել և գործարկել այս նոր սարքավորումները։ Բացի այդ, ստացել ենք լուրջ գիտելիքներ բիզնես պլանների, բիզնես կանխատեսման և մարքեթինգի վերաբերյալ, ինչն էապես ընդլայնել է ձեռներեցության մասին մեր ընկալումները»:
Արտադրամասերի վերազինումը ոչ միայն արտադրողականությունն է բարձրացրել, այլև բարելավել է արտադրանքի որակը՝ հնարավորություն ընձեռելով ավելի արդյունավետորեն բավարարել հաճախորդների պահանջները: Տրանսպորտային ծախսերի կրճատումը և ժամանակի խնայողությունն էլ ավելի են օպտիմիզացրել Ծրագրի շահառուների գործունեությունը` թույլ տալով կենտրոնանալ նոր պատվերների ներգրավման և բիզնեսի հասանելիության ընդլայնման վրա:
Ավելին, ՄԱԶԾ-ի «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի կողմից տրամադրված հավելյալ աջակցությունը (վերապատրաստում բիզնես պլանավորման, կանխատեսման և մարքեթինգի ոլորտում) այս երիտասարդ ձեռներեցներին զինել է արժեքավոր գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են բիզնեսի կայուն աճի համար: Ունենալով ձեռներեցության ավելի խորն ըմբռնում՝ Կարենը և Սիրամարգը կարող են իրենց ոլորտում առկա հնարավորությունները ճիշտ օգտագործել և հաղթահարել մարտահրավերները։
Քանի որ Հայաստանի գյուղական վայրերը նշանակալիորեն վերափոխվում են, այսպիսի հաջողված բիզնես պատմությունները վկայում են ՄԱԶԾ-ի նպատակային միջամտությունների ներուժի մասին՝ ներառական տնտեսական աճ ապահովելու և երիտասարդ ձեռներեցների հաջորդ սերնդին հզորացնելու գործում:
Առանձին բիզնեսներին ՄԱԶԾ-ի տրամադրած աջակցության դրական արդյունքները տարածվում են նաև համայնքների վրա: Շրջանառության և արտադրողականության աճը, ինչպես նաև արտադրության և ծառայությունների բազմազանությունը նպաստում են տարածաշրջանի տնտեսական կենսունակության և համայնքների դիմադրողականության աճին։ Ավելին, երիտասարդության համար նոր աշխատատեղերի ստեղծումը ոչ միայն լուծում է տեղական զբաղվածության հիմնախնդիրները, այլև երիտասարդության շրջանում ձեռներեցության և նորարարության մշակույթ է խթանում՝ հիմք ծառայելով կայուն զարգացման համար։