Կարկուտը ոչ մի պտուղ չի թողել. Գորիս համայնքը 196 մլն դրամի վնաս է կրել
Սյունիքի մարզում հունիսի 13–ին տեղացած կարկուտի հետևանքով Գորիս համայնքը միայն գյուղատնտեսության ոլորտում 196 մլն դրամի կորուստ է կրել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի գյուղատնտեսության ու հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը։
Նա նշեց, որ Գորիսում ու հարակից 9 գյուղերում կարկուտը տարբեր ինտենսիվությամբ է եղել։ Գույքագրումը ցույց է տվել, որ ամենից շատ տուժել է Որոտանը։«Կարկուտը ոչ մի բան չի թողել Որոտանում։ Թթի բերքն ամբողջությամբ ոնց որ ասֆալտի վրա լինի, ոչ թե ծառի։ Ոչ մի պտուղ չի թողել։ Այնտեղ գյուղատնտեսական հողեր չկան, մեծ մասը այգեգործական տնտեսություններ են ու տնամերձ այգիներ, դրա համար պտուղ–բանջարեղենն է տուժել, հիմնականում` կարտոֆիլն ու լոբին», – ասաց նա։
Ֆինանսական առումով ամենաշատ տուժածը հենց Գորիս քաղաքն է` 118 մլն դրամ, իսկ ամենաքիչը Հարթաշեն գյուղը` 14 մլն դրամ։
Նա տեղեկացրեց, որ համայնքապետարանի իրականացրած մոնիտորինգի արդյունքները ուղարկվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Հավելյալ ստուգումներից հետո կորոշվի, որ տնտեսությանը որքան փոխհատուցում է տրվելու։
Ավետիսյանի խոսքով` մեծ վնասներ կան նաև ոչ գյուղատնտեսական ոլորտում` բազմաթիվ տանիքներ, մեքենաներ ու նույնիսկ դաշտամիջյան ճանապարհներ են տուժել։ Մեծ վնասներ են կրել նաև ջերմոցային տնտեսությունները, բայց դրանց վնասները դեռ հաշվարկման փուլում են։
Ավետիսյանը հիշում է` վերջին անգամ Գորիսում նման ինտենսիվ տեղումներ տեսել էին 1998 թ–ին։
Աղբյուրը` arm.sputniknews.ru