Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ

Հնդկաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Stryker անվավոր զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ, որոնք պետք է փոխարինեն հնդկական բանակում սպառազինության մեջ գտնվող խորհրդային ​​արտադրության հետևակի մարտական ​​մեքենաներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։


Բանակցություններում քննարկվում է եռափուլ ծրագիր, որը նախատեսում է Strykers-ի սահմանափակ խմբաքանակի գնում ԱՄՆ-ից, այդ մարտական ​​մեքենաների համատեղ արտադրություն Հնդկաստանում և այդ զրահապատ փոխադրամեքենաների նոր մոդիֆիկացիայի մշակում:


«Հնդկաստանի բանակը նոր զրահապատ փոխադրամեքենաների և հետևակի մարտական ​​մեքենաների մեծ կարիք ունի՝ աստիճանաբար փոխարինելու համար 2 000 ռուսական ԲՄՊ-2-ները, այդ թվում՝ լայնածավալ դեսանտային գործողությունների համար»,- ընդգծել են հրատարակության զրուցակիցները։


Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Հնդկաստանի հետ զրահատեխնիկայի հնարավոր համատեղ արտադրությունն անվանել է «երկկողմ պաշտպանական գործընկերության ևս մեկ վերընթաց ցուցիչ»։ 2007 թվականից ի վեր Վաշինգտոնը և Նյու Դելին կնքել են 22 միլիարդ դոլարի պաշտպանական գործարքներ:


2024 թվականին ակնկալվում է Հնդկաստանին 3,9 միլիարդ դոլար արժողությամբ 31 MQ-9B հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագրի ստորագրում, ինչպես նաև Հնդկաստանում General Electric և Hindustan Aeronautics ընկերությունների կողմից Tejas Mark-II կործանիչների համար GE-F414 ռեակտիվ շարժիչների համատեղ արտադրության մեկնարկը: