Ռուսաստանցի արտադրողներն ավելի քան 80 հանդիպում են անցկացրել Երևանում

Ռուսաստանցի արտադրողներն ավելի քան 80 հանդիպում են անցկացրել Երևանում
Երևանում ռուս արտահանողների մասնակցությամբ կայացել են երկու գործարար առաքելություններ, որոնք կազմակերպվել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի աջակցությամբ, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Հայաստան են ժամանել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ Նովոսիբիրսկի մարզից և Ադիգեայի Հանրապետությունից։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել են տասը արտադրական ընկերություններ, որոնք ներկայացնում են արդյունաբերության լայն շրջանակ՝ շինարարական նյութերից մինչև սնունդ և տեքստիլ, ինչպես նաև գինեգործության համար կաղնու տակառներ:
Գործարար առաքելության կազմակերպիչները հարթակ են տրամադրել հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ ավելի քան 80 հանդիպումների համար, ինչը նոր հեռանկարներ է բացել ռուս արտահանողների համար և նպաստել գործարար կապերի հաստատմանը։

«Միջոցառումն ուղղված է ռուսական և հայկական բիզնեսի հարաբերությունների զարգացմանը, ռուսական արտահանման մատակարարումների աշխարհագրության ընդլայնմանը և դրա ծավալների ավելացմանը։ Բիզնես առաքելության ընթացքում անցկացված հանդիպումների քանակը ցույց է տալիս հայկական շուկայի մեծ հետաքրքրությունը ռուսական արտադրանքի նկատմամբ», - նշել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։

Ռուսական արտահանման կենտրոնը շարունակում է ակտիվորեն աշխատել ռուս արտահանողներին աջակցելու ուղղությամբ՝ նրանց հնարավորություններ ընձեռելով ընդլայնել մատակարարումների աշխարհագրությունը և ամրապնդել իրենց դիրքերը միջազգային շուկաներում։

Նշենք, որ բիզնես առաքելության կազմակերպմանը մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։

Աղբյուրը՝   arm.sputniknews.ru