ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական աջակցության հարցերը 2023-ին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին

ԼՂ-ից տեղահանվածների սոցիալական աջակցության հարցերը 2023-ին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին

2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Զեկուցողը փաստել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ կառավարության արձագանքը եղել է արագ եւ համակարգված:

«Մեկ ամիս առաջ Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից: Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են Հայաստանում հաստատել երկարատեւ բնակություն»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը եւ հավելել, որ աջակցության ծրագրով նախատեսված է պարտադիր պայման` շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:

Ծրագրային աջակցությունը նախատեսված է երեք ուղղություններով` բնակարանների գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանների համար գործող հիպոտեկային վարկի մարում:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 2023 թվականի պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերին: «Այս ծախսերի ավելացումը եւ դրանց որակական բարելավումներն ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում եւ Հայաստանի տնտեսական պոտենցիալի ավելացման հարցում ունեն մեծ նշանակություն»,- նշել է զեկուցողը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականը մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների ծավալով բավականին հաջողված տարի է եղել, ինչը նպաստել է երկրի տնտեսության տարբեր ենթակառուցվածքների, համայնքների զարգացմանը:

2023 թվականին նախարարությանը հատկացած բյուջեն բավականին մեծ է եղել` շուրջ  275 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տվել տարբեր ուղղություններով մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել եւ ապահովել 98,2 տոկոս կատարողական: