Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: Այս մասին հաղորդում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում:
Նախագահին ներկայացվել են իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը այնուհետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ալավերդի համայնքում ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:
Վերջիններս պաշտոնատար անձանց հարցեր են ուղղել մասնավորապես ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող փոխհատուցման ծրագրերի վերաբերյալ: Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում նրանց են ներկայացվել հեղեղումներից տուժած բնակավայրերի բնակիչներին պետական աջակցություն տրամադրելու նպատակով վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր՝ բնակարանների նորոգման, գույքի ձեռքբերման, մասնավոր բիզնեսի կրած վնասի փոխհատուցման, ենթակառուցվածքների վերականգնման և այլնի վերաբերյալ:
Նշվել է, որ ՀՀ կառավարության աջակցությամբ արվելու է ամեն հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով: Այցելություն է կատարվել նաև Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հաջորդ կանգառը եղել է Ախթալա բնակավայրում: Նախագահին ներկայացվել է, որ այստեղ ժամանակավորապես կառուցվել է մետաղական կոնստրուկցիաներով կամուրջ՝ նախատեսված մարդատար մեքենաների համար: Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ: Նախագահին է ներկայացվել, որ քննարկվում է նոր և ժամանակակից ստանդարտներին համապատասխան կամուրջ կառուցելու հարցը։