Հայաստանում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. ԿԲ նախագահ

Հայաստանում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. ԿԲ նախագահ

Հայաստանի Հանրապետությունում տարվա վերջին գնաճը կլինի ավելի բարձր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նշենք, որ ներկայում գնաճը 0 %-ից բարձր մակարդակում է։ 2024 թ–ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` ապրիլին կազմելով -0.5%։

«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%–ի, նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%–ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։ Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել», – նշեց Գալստյանը։
Նա ընդգծեց` նման քաղաքականություն նաև հիմա են իրականացնում, որպեսզի համադրեն գնաճի թիրախը` հաշվի առնելով այլ գործոններ։ Վստահեցրեց` մյուս տարվա ընթացքում ՀՀ–ն արդեն կմոտենա 4% մակարդակին, ինչը, ըստ Գալստյանի, խելամիտ է։
Գալստյանը հիշեցրեց, որ 2020 թվականին եղել է 3.7%, ապա 7.7%, իսկ 2022-ին` 8.3% գնաճ։
Աղբյուրը՝   arm.sputniknews.ru