Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի փողոցում 2024 թվականի մայիսից վերսկսվել և ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 668 միլիոն 253 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի և մայթերի ասֆալտապատում, միակողմանի ջրահեռացման երկաթբետոնե կիսախողովակների տեղադրում, ճանապարհի գծանշում և կահավորում։ Գայի փողոցի երթևեկելի մասը կասֆալտապատվի 2086 գծամետր երկարությամբ և 20 հազար քառակուսի մետր մակերեսով, երկկողմանի մայթերը՝ շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից, ապա ընդհատվել՝ ծրագրի նախագծում փոփոխություն կատարելու և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 2024 թվականի հունիսի 10-ի դրությամբ կատարվել են ճանապարհի հողային, երթևեկելի մասի հիմքի, եզրաքարերի տեղադրման, խճապատման, ջրահեռացման վաքերի վերակառուցման, մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 40 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի ընթացքում։
Խոսրով Խլղաթյան