«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացվեց Ջերմուկ համայնքում

Օրերս Ջերմուկի կրթահամալիրում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի ու Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Ջերմուկում բնակություն հաստատած անձանց հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից։
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը և Ջերմուկի համայնքապետարանի սոցիալական աշխատող Մոմիկ Մարգարյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շահառու դառնալու պայմանները, տրամադրվող աջակցության եղանակները, ընթացակարգի հետ կապված այլ հարցեր։
Ներկաներին իրազեկվել է աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
- բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի (ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/blockpage/137
Հնչեցին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և այլ խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ։

