Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում

Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում

Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը`  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախաձեռնության  ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու եւ նրանց` որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:

Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ ստացված 3 առաջարկներն ընդունվել են:

Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` հունիսի 11-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: