Շվեյցարիան մարդասիրական օգնության համար մասնագետներ է գործուղել Լոռի ու Տավուշ

Շվեյցարիան մասնագետներին Հայաստան է ուղարկել ՀՀ իշխանությունների խնդրանքով։
Շվեյցարիան պատրաստվում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտի Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետներ գործուղել, որոնք կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում են իրականացնելու: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից։
Մարդասիրական օգնություն տրամադրելու համար մասնագետներն աղետի գոտի են գործուղվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Նաև ավերածություններ են եղել` ճանապարհներ և կամուրջներ են փլուզվել, վնասվել են գազատարներ և ջրամատակարարման համակարգեր։
«Հաշվի առնելով աղետի ծավալները, Հայաստանի իշխանությունները օգնություն ստանալու նպատակով դիմել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության (EUCPM) համապատասխան մեխանիզմներին՝ խնդրելով մասնավորապես գործուղել քաղաքացիական շինարարության ոլորտի ճարտարագետներ: Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի (SHA) թվով 8 մասնագետ, այդ թվում՝ ճարտարագետներ և տեխնիկական մասնագետներ: Տեղում իրականացվելիք աշխատանքների համար Շվեյցարիան 500 000 շվեյցարական ֆրանկ է (շուրջ 560 000 ԱՄՆ դոլար) հատկացրել»,– ասված է հաղորդագրությունում:
Նրանք Շվեյցարիայից Հայաստան են մեկնել հունիսի 3-ի երեկոյան։
Հավելենք, որ աղետից հետո որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։