Էկոնոմիկայի և առողջապահության փոխնախարարներն անդրադարձել են աղետի գոտում իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքներին

Էկոնոմիկայի և առողջապահության փոխնախարարներն անդրադարձել են աղետի գոտում իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ու առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձան ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին և աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խոջոյանն իր խոսքում նշեց, որ աղետի գոտում աշխատանքները բաժանվել են ըստ առաջնահերթությունների, և ներկա պահին շատ կարևոր է համարվում նաև համաճարակային իրավիճակի կառավարումն ու անցանկալի զարգացումների բացառումը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները միասին իրականացրել են անկած կենդանիների հայտնաբերման և թաղման միջոցով ոչնչացման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է աղտահանման միջոցով, որպեսզի հնարավորինս բացառվի անասնահամաճարակային իրավիճակը», - ասաց Խոջոյանը:

Նա հավելեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն վաճառքի կետերում՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Քանի որ էկոնոմիկայի նախարարության համար այս պահին կարևորը նաև անասնագլխաքանակի ճշգրտումն է, հետևաբար անասնաբույժների ու վարչական ղեկավարների հավաքագրված նախնական տվյալների համաձայն՝ հունիսի 3-ի դրությամբ Լոռու մարզում գրանցվել է անկած 192 խոզ, 50 խոճկոր, 300 ճագար, 16 խոշոր եղջերավոր անասուն, 850 ընտանի թռչուն, վնասվել է 143 մեղվափեթակ:

«Այն քաղաքացիները, ովքեր բացահայտում կամ հայտնաբերում են անկած կենդանիներ, պետք է անպայման զանգահարեն 118 հեռախոսահամարով և հայտնեն հայտնաբերված կենդանիների տեղը, որպեսզի մեր մասնագետները կարողանան մոտենալ և թաղման եղանակով իրականացնել ոչնչացման աշխատանքներ», - ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:

Նրա խոսքով՝ բոլոր վաճառակետերում, որտեղ իրականացվում է հսկողություն, անհրաժեշտ է, որպեսզի վաճառողներն ու սնունդ ձեռքբերողները նույնպես ցուցաբերեն զգոնություն: Խոջոյանի տեղեկացմամբ՝ միաժամանակ իրականացվում են նաև գույքագրման աշխատանքներ: Դա վերաբերում է ինչպես գործարարների, այնպես էլ այգիների ու պարտեզների սեփականատերերի ունեցվածքին:

«Գյուղատնտեսությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց աջակցության մեխանիզմներ ներկայացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի գույքագրում: Մեր աշխատակիցները տեղում են, կատարում են այցելություններ՝ փորձելով գտնել արդար մեխանիզմներ, որոնք կարտացոլեն և՛ կորուստները, և՛ հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի տնտեսվարողներին տրվի բիզնես գործունեությունը շարունակելու հնարավորություն: Այդ առումով ճշտվում են և՛ վարկային պորտֆելները, առկա ենթակառուցվածքների վիճակը, գրանցված գույքաքանակներն ու գումարային ծավալները: Ամբողջական փաթեթ ձևավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական: Գույքագրման գործընթացին զուգահեռ մշակվում են նաև այն մեխանիզմները, որոնք առաջիկայում կներկայացնենք»- ասաց Խոջոյանը:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն իր հերթին նշեց, որ բնական աղետի առաջին օրվանից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի հետ կապված իրականացնում է մատակարարվող ցանցի միջոցով ջրերի ու բնական աղբյուրների մշտադիտարկում, և մինչև այս պահը շեղումներ չեն արձանագրվել:

«Մենք ազգաբնակչությանը կոչ ենք անում, որպեսզի ուշադրություն դարձնեն և առաջիկայում ջրի գույնի կամ հոտի փոփոխության դեպքում անհապաղ դիմեն պատկան մարմիններին կամ համայնքային իշխանություններին: Օպերատիվ շտաբի կողմից աշխատանքները կազմակերպվում են համակարգված, և այդ աշխատանքներում բնականաբար ընդգրկված են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները»,- ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ աղետի գոտում սանիտարահիգիենիկ վիճակը կառավարելի է, բայցևայնպես կոչ արեց մարդկանց մշտապես լինել զգոն և ինքնուրույնաբար ոչ մի միջոց չձեռնարկել:        

«Վերջին օրերին աղիքային թունավորումների դեպքեր չեն գրանցվել: Ալավերդու բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է երեք պացիենտ, սակայն նրանց վիճակը որևէ կապ չունի համաճարակային իրավիճակի հետ, հետևաբար անհանգստանալու առիթ չկա: Մեր բոլոր բժշկական կենտրոնները հագեցած են անհրաժեշտ բժշկական պարագաներով ու դեղորայքով, ուստի քաղաքացիները կարիքի դեպքում կարող են դիմել կամ Ալավերդու բժշկական կենտրոն, կամ գյուղական համայնքներում իրենց ԲՄԿ-ներ և ամբուլատորիաներ»,- ասաց առողջապահության փոխնախարարը:      

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան