Երկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանը
Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում մեծ տեղ է հատկացվում հատկապես Հայաստանը Վրաստանի հետ կապող երկաթգծի վնասված հատվածների վերակառուցման աշխատանքներին, որոնք ընթանում են ինտենսիվորեն:
«Արենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ երկաթգիծը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն, որովհետև կան թե՛ արտահանման, թե՛ ներկրման բեռներ, որոնց տեղափոխումը կատարվում է հիմնականում երկաթուղու միջոցով:
«Օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտի մեր հիմնական խտանյութն արտահանվում է երկաթգծով, և եթե աղետի հետևաքները շուտափույթ կերպով չվերացվեն, ապա այդ ոլորտում կառաջանան հսկայական խնդիրներ, կամ՝ արդեն իսկ առաջացել են, ինչն էլ ածանցյալ բացասական ազդեցություն կարող է ունենալ այլ ուղղությունների վրա: Այդ պատճառով ջանք չենք խնայում և առաջին հերթին Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների հետ փորձում ենք հնարավորինս շուտ վերականգնել երթևեկությունը: Վնասվածքները բավականին լուրջ են, մեզանից պահանջվելու է զգալի ջանք ու եռանդ՝ դրանք վերականգնելու համար: Երկաթգծի՝շատ տեղերում շուռ եկած և գետում հայտնված հատվածները տեսանելի են, սակայն խնդիրը միայն դա չէ: Այդտեղով անցնում են նաև էլեկտրահաղորդման գծեր, կան ենթակայաններ, էլեկտրական սյուներ, որոնք նույնպեես վնասվել են»,- մանրամասնեց Սանոսյանը:
Նախարարը հայտնեց, որ իրենք գտել են միջանկյալ լուծման տարբերակ, թեև նույնիսկ Վրաստանից ներկրվող բեռներն ավտոմեքենաներով տեղափոխելը նույնպես կապված է որոշակի դժվարությունների հետ:
«Պետք է լինի ԵԱՏՄ տարածք, պետք է բեռները մտնեն մեր տարածք, որտեղ, ի տարբերություն Վրաստանի, գործում են մաքսային այլ կանոնակարգեր, այսինքն՝ խնդիրներ ու բարդություններ են առաջանում զուտ այն առումով, որ բեռները չեն մաքսազերծվի մեր տարածքում բացվելուց հետո: Քանի որ մինչև Այրում կայարան բերող տարածքում երկաթգիծը խնդիրներ ունի համեմատաբար փոքր հատվածներում, մենք ստեղծեցինք մասնագիտական խումբ և դիտարկեցինք հետևյալ տարբերակը․ Այրում կայարանի հարակից հատվածում կա մի երկաթուղային կամուրջ, որի հետ ոչինչ չի պատահել: Այդ կամուրջը դեռ խորհրդային տարիներին, որպես առանձին կամուրջ, ծառայել է պահածոյի գործարանի մատակարարումների համար: Հիմա այդ գործարանը չկա, կամրջից ոչ հեռու ավարտվում են գծերը, որոնք քանդվել են: Քննարկումների արդյունքում հասկացանք, որ հնարավոր չէ այդտեղ երկաթուղի անցկացնել, որոշեցինք երկաթուղային այդ կամուրջը վերափոխել ու դարձնել ավտոմեքենաների համար անցանելիություն ապահովող կամուրջ: Հիմա այնտեղ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ թե՛ կամուրջը վերափոխելու, թե՛ ավտոմեքենաների երթևեկությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: Հույս ունենք՝ առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում այդ հատվածում կունենանք ասֆալտապատված և բետոնապատված ճանապարհ»,- ասաց Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ այն առաջադրանքը, որ տրվում է շինարարներին, երբեմն շատ բարդ է, սակայն բոլոր ջանքերը ներդրվում են խնդիրը լուծելու համար: Սանոսյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Վրաստանում նույնպես ջրհեղեղի պատճառով վնասվել էր վրացական երկաթուղին: Վրաց գործընկերներն ակտիվորեն աշխատում են և փորձում ներգրավված մեծ ուժերով հետևանքները վերացնել ու երկաթուղին վերագործարկել հնարավորինս շուտ:
«Կարծում եմ՝ մոտ օրերս հնարավոր կլինի բեռները տեղափոխել մինչև Այրում կայարան, այդտեղից էլ բեռնատարների միջոցով դեպի Հանրապետության տարբեր մարզեր: Մեզ համար առաջնահերթը դիզելային վառելիքի և բենզինի անխափան ներկրումն է», - ասաց ՀՀ ՏԿԵ նախարարը:
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:
Մանվել Մարգարյան