Աղետը միավորել է բոլորի ջանքերը, ինչի արդյունքում բազմաթիվ հարցեր լուծվել են. ՏԿԵ նախարար
ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը կարծում է, որ Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի առաջին իսկ օրվանից կայացվել է ճիշտ որոշում՝ աղետի գոտում զբաղվել ամեն ինչով, քանզի նախապես կար միտք, որ պետք է առանձնացնել ամենահրատապ հարցերը, հերթագրել՝ ըստ կարևորության և հրատապության, սակայն որոշեցին զբաղվել միաժամանակ բոլոր հարցերով:
«Արենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանը մամլո ասուլիսում նշեց, որ այդ գործընթացը բնականաբար հեշտ չէ, որովհետև պահանջում է կազմակերպական մեծ ջանքեր, հմտություններ, մարդկանց ներգրավվածություն:
«Բայց երբ նայում ենք, թե անցած մի քանի օրերին ինչ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ակնհայտ է, որ այդ որոշումն արդարացված էր: Մենք աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ սկսած միջպետական ճանապարհների, երկաթուղու վնասված հատվածների վերանորոգումից, տարբեր ենթակառուցվածքների վերակառուցումից, վերջացրած փոքր հարցերով: Պետք է արձանագրել, որ օր-օրի եղել են բավականին մեծ փոփոխություններ: Ընդհանուր առմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերում մոտ 150 շինտեխնիկա է ներգրավված ընթացիկ աշխատանքներում: Ընդ որում՝ աշխատում են ոչ միայն նշված երկու մարզերի գործընկերներն ու կազմակերպությունները: ՀՀ տարբեր մարզերից միացել են շինարարական և սպասարկող ընկերություններ: Այլ մարզերի համայնքապետարանները նույնպես իրենց աշխատակիցներով գալիս են ու ակտիվորեն մասնակցում աղետի հետևանքների վերացման գործընթացին: Աղետը միավորել է բոլորի ջանքերը, ինչի արդյունքում բազմաթիվ հարցեր այդուհանդերձ լուծվել են»,- ասաց Սանոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տուժած համայնքներում վերականգնվել է ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան և գազամատակարարումը: Հաջողվել է բավականին բարվոք տեսքի բերել յոթ բնակավայրերը միացնող լեռնանտառային ճանապարհը, որտեղ այժմ ընթանում են շեբենապատման ակտիվ աշխատանքներ, որպեսզի հեշտ լինի երթևեկը նաև ավելի ցածր անցողունակություն ունեցող մեքենաների համար: Երեկ հաջողվեց Ախթալայի կամրջի փլուզված հատվածում կառուցել հետիոտնային կամուրջ, ինչի շնորհիվ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման ժամկետն ու արագությունը փոխվել է: Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցը նույնպես դրականորեն կերպարանափոխվել է:
«Որքան էլ մեծ ծավալի աշխատանք է արվում, այդուհանդերձ ամեն օր բացվում է հսկայական գործունեության նոր ճակատ, որովհետև աղետի մասշտաբները մեծ են, ոլորտները շատ, անելիքները բազմաթիվ: Հաջողություններից մեկն էլ այն է, որ հսկայական աշխատանք կատարեցինք Քարկոփ բնակավայրում, որն ամենատուժածն էր բոլորից, ծածկվել էր բավականին հաստ տիղմի շերտով և այնտեղից ամբողջությամբ տարհանվել էր բնակչությունը: Համագործակցել ենք նաև երկաթգծի գործընկերների հետ՝ այդ հատվածում շինտեխնիկան հասցնելու համար, որտեղ կատարվել են հսկայածավալ աշխատանքներ»,- մանրամասնեց նախարարը:
Սանասյանը հավելեց, որ շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվել միջպետական Մ6 մայրուղու վնասված մի շարք հատվածները վերականգնելու ուղղությամբ, որոնցից մի քանիսն ամբողջովին փլուզվել էին: Այդ հատվածներից չորսը վերականգնվել են, մեկում աշխատանքները շարունակվում են: Շինարարները փորձում են անցանելի դարձնել նաև Թուֆենկյան հյուրանոցին հարող հատվածը:
Անդրադառնալով ընդհանուր սանիտարահիգիենիկ իրավիճակին՝ Սանոսյանն ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ ջուրը լցվել էր շենքերի առաջին հարկերն ու նկուղները, արդյունքում լրջորեն վնասվել էր նաև կոյուղատար համակարգը: Հատկապես մասնավոր տների մոտ, որտեղ եղել են գոմեր ու մարդիկ զբաղվել են անասնապահությամբ, նույնպես պահպանվում են սանիտարահիգիենիկ իրավիճակի հետ կապված լուրջ խնդիրներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տիղմի տակ կարող են մնացած լինել անկած անասուններ, հետևաբար առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցներն ու սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները որոշակի աշխատանքներ են իրականացնում՝ իրավիճակը կառավարելի դարձնելու նպատակով:
«Արվում է ամեն ինչ՝ համաճարակներից խուսափելու համար, քանի որ տիղմում առկա բաղադրությունները պարունակում են նաև այդպիսի վտանգներ: Մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց բակում կամ հարակից հատվածներում ու գետի ափամերձ շրջաններում կհայտնաբերեն անկած կենդանիների մարմիններ, թող այդ մասին անպայման տեղյակ պահեն տեսչական մարմնին, որպեսզի համակարգված ու մասնագիտական կերպով տեղի ունենա այդ կենդանիների դուրսբերումը, տեղափոխումն ու համապատասխան վայրերում ծածկելը՝ պահպանելով հակավարակային կանոնները», - նշեց Սանոսյանը:
Մանվել Մարգարյան