Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելեցին Ալավերդի քաղաք, որն ամենաշատ վնասներն է կրել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դիվանագետներին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրանց Ալավերդիում դիմավորեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Գնել Սանոսյանը դիվանագետներին հանգամանորեն ներկայացրեց աղետի գոտում առկա իրավիճակը։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ մեծ վնաս է հասցրել տարերային աղետը Լոռու և Տավուշի մարզերին։
ՀՀ ՏԿԵ նախարարը հանգամանորեն ներկայացրեց նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք ուղղված են աղետի հետևանքների վերացմանը։

