Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է «Համաշխարհային պարենային Հնդկաստան» 2024թ. ցուցահանդեսի կազմակերպչական հարցերի քննարկումներին
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մայիսի 29-ին մասնակցել է Հնդկաստանի սննդի մշակման արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված ընթացիկ տարվա սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք Համաշխարհային պարենային Հնդկաստան 2024թ. (World Food India 2024) միջազգային 3-րդ ցուցահանդեսի կազմակերպչական հարցերի քննարկումներին:
Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Հնդկաստանի վարչապետի և նախագահի մասնակցությամբ նախորդ տարվա նոյեմբերին կայացած ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել ոլորտային ներդրողներին, արտադրողներին, սննդի վերամշակողներին, արտահանողներին և այլ շահագրգիռ կողմերին՝ հարթակ ապահովելով ուսումնասիրելու սննդի վերամշակման և մանրածախ առևտրի համաշխարհային հնարավորությունները:
Այս անգամ նախատեսվում է ընդլայնել միջոցառման մասշտաբները՝ ներգրավելով տեխնոլոգիաների և սարքավորումների արտադրողներին, մատակարարներին, լոգիստիկ և սննդի ու խմիչքների մանրամեծածախ ընկերություններին: