Արթիկում ներկայացվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը

Արթիկում ներկայացվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը
«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը»  ներկայացվել է Արթիկ համայնքում ու նրա բնակավայրերում բնակություն հաստատած բռնի տեղահանվածներին։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի աշխատակազմի, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցների, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ այսօր հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկաներին ողջունել է և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները․ «Ուրախ եմ Ձեզ կրկին հանդիպելու համար։ Շիրակի մարզում հաստատվելու առաջին իսկ օրից մեզ համար սկզբունքային է եղել ձեզ հետ անհատական աշխատանքը, բոլորիդ առանձին լսելն ու խնդիրների լուծման համար օր առաջ քայլեր ձեռնարկելը։ Հանդիպումներ բազմիցս շատերիդ հետ ունեցել ենք, որոնք եղել են շարունակական, այժմ էլ հերթական անգամ նախաձեռնել ենք հանդիպում՝ նպատակ ունենալով կրկին լսել ձեր մտահոգություններն ու անհանգստացնող հարցերը, փորձել տալ սպառիչ պատասխաններ, միևնույն ժամանակ ձեզ տեղեկացնել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Գաղտնիք չէ, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացման համար, մշակվել և իրականացվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են սոցիալական, առողջապահական, կրթական ու բնակարանային խնդիրների լուծմանը։ Այս բոլոր ծրագրերի ու, մասնավորապես, բնակարանային ապահովման նոր մեկնարկող ծրագրից օգտվելու հնարավորությունների մասին ձեզ տեղեկացնելու համար ենք հավաքվել։ «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին կուզենամ այսօր առավել մանրամասն խոսենք, որպեսզի հստակ պատկերացում ունենաք պետության կողմից մշակված այս ծրագրից»։
Ներկաներին ողջունել է նաև Արթիկ համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համայնքապետարանը պատրաստ է աջակցելու համայնքի բնակավայրերում հաստատված ընտանիքներին և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում ցանկացող ընտանիքներին հող հատկացնել բնակարան կառուցելու համար։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանգամանորեն ներկայացրել են ծրագրի դրույթները՝ տեղեկացնելով ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, որից հետո արդեն հստակ կսահմանվի իրականացվելիք գործողությունների ընթացքը։ Եվս մեկ անգամ ընդգծվել է ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտությունը:
Ներկաներն իրազեկվել են աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի(ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/blockpage/137