2023 թ․ եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 մլրդ 200 մլն դրամ

2023 թվականի հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թվականի համեմատ ավելի են 297 մլրդ 600 մլն դրամով կամ 14.5 տոկոսով: Բայց կարևոր է նաև, որ բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի նկատմամբ ավելի են 1 տրիլիոն 63 մլրդ դրամով կամ 92 տոկոսով: Այսինքն՝ մեր բյուջեի եկամուտները 2023-ին 2017 թվականի համեմատությամբ աճել են 92 տոկոսով:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 2023 թվականի եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 մլրդ 200 մլն դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 63 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով: Քանի որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին խոսեցինք՝ 2017 թվականից ի վեր հիփոթեկային այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունում բնակարան է ձեռք բերել 36 686 քաղաքացի: 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում նոր բնակարան է ձեռք բերել եկամտային հարկի վերադարձի այս ծրագրով 36 686 քաղաքացի կամ ասենք դեպք, դա ավելի ճիշտ է, որովհետև կարող են լինել քաղաքացիներ, որ 2 բնակարան են ձեռք բերել: Աճը 2017 թվականի նկատմամբ՝ 1648 տոկոս:
«Սա այն դեպքն է, երբ ասում եմ, որ քաղաքացին պետական բյուջեին հարկ վճարելիս չպետք է այնպես վերաբերվի, որ ինքն ուրիշին է փող տալիս, այլ այնպես, որ մի գրպանից դնում է մյուս գրպանը: Սա հենց այդ դեպքի ամենաուղիղ արտահայտությունն է, որովհետև հաշվարկված եկամտային հարկը, մի մասը եկամտային հարկի վերադարձվում է իրեն: Իսկ եկամտային հարկի մյուս մասով դեպի այդ նոր շենք գնացող ճանապարհ է կառուցվում, ենթակառուցվածքներ են կառուցվում, դպրոց է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար, մանկապարտեզ է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար: Ի՞նչ որակով, այս էլ ուրիշ պրոբլեմ է, որը, այո, մենք գիտենք, որին առնչվում ենք: Բայց որակի հետ կապված պրոբլեմի լուծման ձևը հետևյալն է, որ որակով շինարարությունը տեղի է ունենում և կուլտուրան ձևավորվում է, երբ երկրում կա շինարարություն: Այսինքն՝ այս որակի ճեղքը մենք ինչի՞ ենք ունեցել, որովհետև երկում, ըստ էության, էական կապիտալ շինարարություն տասնամյակով չենք ունեցել: Եվ սրա ապացույցներից մեկը հետևյալն է՝ 2023 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 494 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 3.3 անգամ: Իհարկե, այստեղ նաև պաշտպանական ծախսերը կան, բայց մոտավորապես, այն ժամանակ էլ են պաշտպանական ծախսեր եղել»,- ասաց նա։