ՏՏ միլիարդները, հանքերը և վճարված հարկերը

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում գործող ՏՏ ընկերությունները պետբյուջե են վճարել շուրջ 17,6 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ երկրի խոշորագույն հանքարդյունաբերողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վճարել է 15,6 մլրդ, ասել է թե՝ միայնակ գրեթե նույնքան, որքան մի քանի տասնյակ ՏՏ ընկերություններ (ներառյալ՝ դրսի ՏՏ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը)։
Միասին հանքարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ 18 միլիարդ դրամ (այս թիվը կարող էր ավելի մեծ լինել, սակայն «Գեոպրոմայնինգ գոլդը», սահմանային խնդիրների պատճառով, չի կարող լիարժեք աշխատացնել Սոթքի հանքավայրը, իսկ որոշ այլ ընկերություններ, անցած տարի վճարելով մեծ հարկային կանխավճարներ, դրա հաշվին այս տարի ավելի քիչ հարկ են վճարում)։
Այդ 18 միլիարդին պետք է գումարել ևս երեք միլիարդից մի փոքր ավել՝ օժանդակ ընկերություններից (տեխնիկայի մատակարարներ, պայթեցման աշխատանքներ կատարողներ և այլն)։ Այդ ամենը, հատկապես ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ՏՏ ընկերություններից երկուսն ունեն ավելի քան մեկ միլիարդ դոլարի, ևս մի քանիսը՝ հարյուրավոր միլիոն դոլարի կապիտալ, այսինքն՝ մի քանի անգամ շատ, քան Հայաստանի ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն։
Բնականաբար, ՏՏ ընկերությունները որևէ հարկ չեն թաքցնում, ուղղակի դրանց զգալի մասը գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ երկրից դուրս (հիմնականում՝ ԱՄՆ-ում), քանի որ այնտեղից ավելի հեշտ է ներդրումներ ներգրավել։ Ու, թեև նրանց ծրագրավորման թիմերը, ամբողջությամբ կամ մեծամասամբ, գտնվում են Հայաստանում, սակայն շահութահարկը և մնացած հարկերը վճարվում են արտասահմանում. Հայաստանին հիմնականում մնում է աշխատողների եկամտային հարկը (ինչպես նաև՝ փոքր չափով ոչ ռեզիդենտի շահութահարկ)։
Սա, իհարկե, չի նշանակում, որ ՏՏ-ն պակաս կարևոր է տնտեսության համար, քան հանքարդյունաբերությունը։ Սակայն ակնհայտ է, որ ևս լինելով խոշոր հարկատուներ, հանքարդյունաբերողները, ի տարբերություն ՏՏ ոլորտի, չեն ստանում պետական արտոնություններ (եթե չհաշվենք վարկի ու լիզինգի տոկոսների սուբսիդավորումը՝ սարքավորումների ձեռքբերման համար, ինչը, սակայն, հասանելի է նաև այլ ոլորտի ընկերություններին)։
2023 թվականին ՏՏ ոլորտի 47 կազմակերպության ընդհանուր ցուցաբերվել է շուրջ 8 միլիարդ դրամի պետական աջակցություն, իսկ 2024 թվականի համար կառավարության մայիսի 8-ի նիստում հատկացվեց 5 միլիարդ դրամ՝ ՏՏ ոլորտի առևտրական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աջակցելու համար։ Իհարկե, ՏՏ-ին տրվող արտոնությունները ևս համատարած չեն տրվում, այլ միայն՝ սկսնակ ու ոչ մեծ ընկերությունների, սակայն հանքարդյունաբերողները առհասարակ նման աջակցություն չեն ստացել թե՛ հարկերի գծով, թե՛ 2022-ին՝ դոլարի կտրուկ արժեզրկումից հետո, թեև դրանից տուժել էին ոչ պակաս, քան ՏՏ–ն։
Անհնար է ստույգ գնահատել, թե որքան հարկեր կվճարի այս ոլորտը տարվա արդյունքներով, որովհետև սա կախված է չափազանց շատ գործոններից, նշում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Այդ գործոնները ոչ միայն տնտեսական են (մետաղների գներ, լոգիստիկայի սակագներ) այլ նաև` աշխարհաքաղաքական՝ կախված թե ինչպիսի զարգացումներ կլինեն Ուկրաինայում, հարևան Իրանում, անգամ` ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կարող են լինել Հայաստանում։ Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, հարկային արտոնությունները (կամ պետական աջակցության այլ տեսակները) այս ոլորտի համար կարող են արդարացված լինել ոչ թե ընթացիկ ծախսերի, այլ` զարգացման ծրագրերի համար։ Ի դեպ, Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հնարավորության ու հեռանկարի մասին, ինչը կարող է դառնալ երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու տարբերակներից մեկը, միայն պարբերաբար խոսվում է։
Անդրադառնալով երկրի տնտեսության համար հանքարդյունաբերության դերին, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծեց նաև ոլորտի կարևորությանը արտարժույթի ներհոսքի առումով։ Թեև ՀՆԱ–ում այդ ոլորտի կշիռը 2-3% է, սակայն ապահովում էր արտահանման 36%–ը՝ մինչև 2022-ը, երբ Հայաստանով սկսեցին անցնել միջնորդավորված արտաքին առևտրի հոսքերը։
Հանքարդյունաբերությունը, էներգետիկայի հետ միասին, միշտ եղել է օտարերկրյա ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներից մեկը Հայաստանում։ Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո նվազել, իսկ հետո` դադարել է աշխատել Սոթքի ոսկու հանքավայրը, որը նախորդիվ գրեթե միշտ մտնում էր երկրի խոշորագույն հարկատուների տասնյակի մեջ։ Ոլորտի լոկոմոտիվը մնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի (տեսականորեն) կանգնելու դեպքում տնտեսությունում մեծ խնդիրներ կստեղծվեն, վստահ է Պարսյանը։
Ուրախալի է, որ ակտիվություն են շարունակում ցուցաբերել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որը նախկինում շահագործում էր Կաշենի պղնձի հանքավայրը՝ Արցախում ապահովելով երկրորդ հայկական հանրապետության բյուջեի մոտ 30%–ը (իսկ 2020-ից հետո` է՛լ ավելին)։
«Սա նշանակում է, որ ՀՀ–ում էլ ընկերությունն ունի որոշակի ակտիվներ, որոնցով ծավալում է բիզնես գործունեություն», – հավելեց տնտեսագետը։
Անդրադառնալով պետական աջակցության ծրագրերին, Պարսյանը նշեց, որ «դոլարի փոխարժեքը ձևավորվել է շուկայական պայմանների ազդեցությամբ, ուստի հակառակվել այդ իրականությանը, կնշանակի օգնությունը դարձնել անընդհատ, ինչը ճիշտ չի լինի նաև այլ ոլորտների նկատմամբ, օրինակ` թեթև արդյունաբերության։ Հանրության մոտ հարց կառաջանա. եթե արտոնություններ է ստանում մի ոլորտ, որտեղ միջին աշխատավարձը գրեթե 500 հազար դրամ է, ապա ինչո՞ւ չպետք է ստանա մեկ այլ ոլորտ, որտեղ այն 100-120 հազար է, և որը ևս աշխատատեղեր է ապահովում ու սոցիալական խնդիրներ լուծում»,- նշեց նա։