Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը ներկայացվել է Եղեգնաձոր համայնքում
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակություն հաստատած անձանց մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հանգամանալից տեղեկացնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը նշել է, որ վերջին ամիսներին տարբեր ձևաչափերով մարզի համայնքներում կազմակերպվել են տեղեկատվական հանդիպումներ, արձանագրել առկա խնդիրները, տրվել լուծումներ։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը, կարևորելով շահառուների իրազեկվածության ապահովման խնդիրը, հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, պայմանները, փուլերը, բնակավայրերի տեղակայմամբ պայմանավորված աջակցության չափը։
Ներկաներին իրազեկվել է աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի (ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
Ծրագիրը կիրականացվի հետևյալ փուլերով․
1-ին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2027թ.: