Շիրակի մարզում ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված 3747 քաղաքացի
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց մասնակցությամբ՝ պետական աջակության ծրագրերի մասին տեղեկացնելու, մասնավորապես, «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին շահառուներին հստակ տեղեկացնելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հանդիպումներն ու քննարկումները, որոնք վերջին ամիսներին կրել են պարբերական բնույթ, իսկ այժմ հստակ պայմանավորվածություն կա առավել փոքր ֆորմատի քնարկումներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատական աշխատանք տանել, պատասխանել բոլորին մտահոգող հարցերին․ «Ուրախ եմ նորից ձեզ տեսնելու, կարծում եմ՝ այսպիսի ֆորմատով հանդիպումներն առավել արդյունավետ կլինեն, քանի որ կկարողանանք լսել բոլորիդ անհատապես, պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին, ներկայացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության բոլոր ծրագրերն ու դրանցից օգտվելու հնարավորություններն ու մանրամասները։ Այսօր Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում ձեզ մտահոգող խնդիրները օր առաջ լուծելու համար, վստահ եմ՝ տեղեկացված եք թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ և թե երկարաժամկետ ծրագրերից, բայց մենք ուզում ենք սերտ համագործակցությամբ ու ակտիվ հանդիպումների միջոցով կարողանանք լրացնել առկա թեկուզ ամենափոքր ինֆորացիոն բացը, օգնել ձեզ շուտ հարմարվելու և նաև բնակարան արագ ձեռքբերելու հարցում»։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, ներկաներին հաղորդակից դարձրել ծրագրի նկարագրին, փուլային առանձնահատկություններին, ըստ բնակավայրերի աջակցության չափին, նշել, որ Շիրակի մարզի ավելի քան 130 բնակավայր ընդգրկված է ծրագրում, որտեղից կկարողանան Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանքները բնակարան ձեռքբերել։
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին։
Նշենք, որ մայիսի 24-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3747 քաղաքացի՝ 1025 ընտանիք։ Մարզում հաշվառվել է 136 նախադպրոցական տարիքի երեխաներ։ Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 639 աշակերտ։
Մարզի 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2949 քաղաքացի, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության են ուղեգրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 879 քաղաքացիներ։
Բուժհաստատություններում ծննդաբերել է 20 (8 տղա, 13 աղջիկ, 1 զույգ) հղի։