Առաջին անգամ կիրականացվի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորում
Մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը ոլորտի զարգացման նոր ընթացակարգերի և մոտեցումների հեռանկար է ապահովելու՝ մասնագիտական կրթության համակարգը դարձնելով արդյունավետ՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման առումով:
Նախնական մասնագիտական ուսհաստատություններ՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները՝ 7490 շրջանավարտ:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտին:
«ՄԿՈՒ ոլորտում ևս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես, ժամանակակից տնտեսության կարիքներին համապատասխան մասնագետներ թողարկելու նպատակով վերանայվում է մասնագիտությունների ցանկը: Ամբողջությամբ վերանայվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը՝ գերակա մասնագիտությունների գծով 5000 դրամից մինչև 50 հազար դրամի բարձրացմամբ»,- ասել է նախարարի տեղակալը:
ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ սովորողներ ընդգրկվել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնց ուսուցումը կազմակերպվել է պետական բյուջեի միջոցներով: Ուսումնարաններում ընդգրկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 103, իսկ քոլեջներում՝ շուրջ 1030 ուսանողներ: Այս ծրագրի իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է ավելի քան 135 մլն դրամ:
Մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում իրականացվող աշխատանքները: Քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները նախորդ տարվա ընթացքում հնարավորություն են ունեցել մասնակցելու կամավոր ատեստավորմանն ու աշխատավարձի բարձրացում ունենալ: Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաև մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների վերապատրաստման և կամավոր ատեստավորման գործընթացը:
«Այս տարի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ի տարբերություն հանրակրթության՝ ՄԿՈՒ ոլորտում ատեստավորումն իրականացվելու է թե՛ տեսական, թե՛ գործնական աշխատանքների միջոցով: Մնացած մասնագիտությունների ուղղություններով ևս հաջորդաբար կշարունակենք ատեստավորման գործընթացը»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների զարգացմանը, որտեղ նոր օրենքով ևս շեշտադրվում են մասնավոր հատվածի հետ համագործակցության լայն հնարավորությունները:
«Ունենք բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք լավ մասնագետների պահանջարկ ունեն: Բնականաբար, դրանք շահագրգռված են նաև այդ մասնագետների պատրաստմամբ, և նրանց հետ համագործակցությամբ մի շարք ծրագրեր են նախատեսվում»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Ենթակառուցվածքների բարելավման նպատակով 2024 թվականին 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կապիտալ ծախսերի համար շուրջ 2 մլրդ դրամ է հատկացվել, իսկ լաբորատոր սարքավորումների համար՝ ավելի քան 162 մլն դրամ: