Լոռու փոխմարզպետը հանդիպել է արցախցիներին ու ներկայացրել բնակապահովման ծրագիրը

Լոռու փոխմարզպետը հանդիպել է արցախցիներին ու ներկայացրել բնակապահովման ծրագիրը
ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացնելու նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մայիսի 23-ին հանդիպումներ է ունեցել Ալավերդի, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքներում ապաստան գտած մեր հայրենակիցների հետ:
Հանդիպումներին ներկա են եղել նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Միասնական սոցիալականն ծառայությունների տարածքային կառույցների աշխատակիցները:
Հովհաննես Ավետիսյանը հանդիպումների ընթացքում հանգամանորեն անդրադարձել է ծրագրի դրույթներին և նշել, որ ՀՀ կառավարության որոշումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բակության համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հարենակիցների համար ստեղծելու անհրաժեշտ կեցության պայմաններ:
 
Փոխմարզպետը ներկաներին իրազեկել է աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
 
1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ընդ որում,հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի(ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկին վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/blockpage/137):)
Ծրագրից օգտվելու համար Հովհաննես Ավետիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտությունը:
Ծրագրի իրականացման փուլերին անդրադառնալով՝ Հ. Ավետիսյանը նշել է, որ
1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2027թ.:
Հովհաննես Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, որից հետո արդեն հստակ կսահմանվի իրականացվելիք գործողությունների ընթացքը: Նա վստահեցրել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները և Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կառույցները պատրաստակամ են շուրջօրյա ռեժիմով խորհրդատվական աջակցություն տրամադրել՝ գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով:
Նա պատասխանել է նաև քաղաքացիների տարաբնույթ հարցերին: