Պետությանը վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք եւ արժույթ․ Աննա Վարդապետյան

Պետությանը վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք եւ արժույթ․ Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, թե ինչ գույքեր են ամրացվել նախորդ 8 ամիսների ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին. «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով և Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն արդեն մուտք է արված գանձապետական հաշիվ:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք: Նշեմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի դատախազության և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև հաշտությամբ պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները, որոնց շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է։ Նաև նշեմ, որ տարածքում արդեն վարձակալական հիմունքներով գործում է սրճարան, և վարձակալության պայմանագրի քննարկման արդյունքում որոշվեց պահպանել, և այսուհետ վարձակալական վճարները կստանա պետությունը՝ 5 տարի նվազագույնը, 5 տարի երկարացման հնարավորությամբ, տարեկան մոտ 38 մլն դրամ։

Նախորդ երեք նիստերով, պարոն վարչապետ, մենք երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետական գույքի կոմիտեին։ Կարճ նշեմ, դրանք 24 993 քմ մակերեսով, 20 021 քմ և 10 000 քմ մետր մակերեսով հատուկ պահպանվող կատեգորիայի հողամասեր են: Այս ցանկը դեռևս կշարունակվի: Վճիռներն ընթացքի մեջ են, ուժի մեջ մտնելու պրոցեսում են»,-նշել է Աննա Վարդապետյանը:

«Այս հարցի հիշատակումը կարևոր է այն տրամաբանությամբ, որ ակնհայտ լինի բոլորին, որ կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի հետ կապված իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան ոչ միայն չի մոռացել, այլև ստեղծվել են իրավական մեխանիզմներ, որն այլևս կառավարության գործունեության տիրույթից դուրս է: Այսինքն՝ մենք աշխատանքի քաղաքական մասն արել ենք և առնվազն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, եթե չեմ սխալվում, 2022 թվականի հունվարից նոր լիարժեք սկսեց գործարկվել: Եվ ես Ձեր վերջնին զեկույցից, տիկին Վարդապետյան, իմացա, որ 1 մլրդ 350 մլն դոլարի գույքի վերաբերյալ արդեն դատական հայցեր են ներկայացված: Եվ սա այն դեպքն է, երբ մենք նախկինում ասել ենք, որ երբ կա հանրային պահանջը և այսօր էլ կա, մեր սկզբունքը հետևյալն էր, որ մենք պետք է հետևողականություն և օրինականություն ցուցաբերենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: