Սյունիքի մարզպետն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը քննարկել են համագործակցության հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին ու այլ ներկայացուցիչների։
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիքում և առհասարակ Հայաստանում ծավալած գործունեության համար, նշել, որ մարզերում աշխատող ուսուցիչ առաջնորդների աշխատանքի արդյունքը տեսանելի է ու հատկապես՝ գյուղական բնակավայրերում։
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության ծրագրային ուղղությունները, որոնք ոչ միայն կրթական են, ինչպես նաև՝ Սյունիքում 2021 թվականից մեկնարկած իրենց աշխատանքը։
Ներկայացվեց, թե այժմ մարզի որ դպրոցներում քանի մանկավարժ է ծրագրի շրջանակում աշխատում դպրոցներում, որոնք ոչ միայն դասավանդում են, այլև համայնքային զարգացման ծրագրեր կյանքի կոչում, նպաստում երեխաների ակտիվությանը, նրանց մեջ խթանում իրենց համայնքում փոփոխություններ իրականացնելու ցանկությունը։
Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետն ու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը քննարկեցին հետագա համագործակցության հարցեր, նաև կազմակերպության՝ մարզում գործունեության ընդլայնման հնարավորությունները, որոնց ուղղությամբ համատեղ քայլեր կարվեն։