SPUTNIK Արմենիա. Հայաստանում դեռ չգիտեն, թե երբ կգործարկվի Հնդկաստանի մասնակցությամբ արագընթաց երթուղին

Հայաստանն աշխատում է առանց «կարերի» արագընթաց երթուղու ստեղծման, ինչպես նաև նոր լոգիստիկ ուղիների և հանգույցների գործարկման ուղղությամբ։ Սակայն Երևանում մինչև հիմա չեն կողմնորոշվել, թե երբ է այդ ամենը սկսելու գործել։
Դեռևս 2024 թվականի հունվարին հայկական կողմը հայտարարում էր մինչև մայիս Հայաստանն ու Հնդկաստանը կապող և Իրանի տարածքով անցնող առևտրային երթուղի գործարկելու մտադրության մասին։ Փորձնական բեռները քիչ ավելի ուշ, այնուամենայնիվ, ուղարկվեցին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ առևտրային երթուղու գործարկումն ընթացքի մեջ է։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ երթուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից և Հարավային Ասիայի երկրներից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:
«Իսկ բեռնափոխադրումների նախագծի մասնակից երկրների հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումը բավականին երկարատև գործընթաց է», - պատասխանել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում ակտիվորեն աշխատում է նոր լոգիստիկ ուղղությունների ստեղծման ուղղությամբ: Ենթակառուցվածքների ստեղծումը և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացումը նման ուղղություններից մեկն է։ Այդ նպատակով հայկական կողմն ակտիվորեն աշխատում է Չաբահար նավահանգստում օպերատորական գործունեություն սկսելու համար։ Ներկայումս որպես օպերատոր Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտնի չէ։ Այդ պատճառով հստակ տվյալներ և հաշվարկներ չկան, թե նավահանգստի գործունեությանը մասնակցելը որքանով է ձեռնտու Երևանին։
Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Ավելին` arm.sputniknews.ru