Դիլիջան համայնքում գործում են եգիպտացորենի նոր վաճառակետեր

Դիլիջան համայնքում գործում են եգիպտացորենի նոր վաճառակետեր
Դիլիջան այցելողներին արդեն երկար տարիներ դիմավորում են եգիպտացորենի վաճառակետերը, որոնք բազմաթիվ անհարմարություններին զուգահեռ հասցրել են սիրվել այցելուների կողմից։
Ըստ Դիլիջանի համայնքապետարանի հաղորդագրության` տևական ժամանակ է, ինչ Դիլիջանի համայնքապետարանը և GreenRock ընկերությունը համատեղ աշխատում էին մի նախագծի վրա, որի արդյունքում ձեռք են բերվել և բրենդավորվել 25 փայտե տնակներ՝ հագեցած անհրաժեշտ հարմարություններով, որպեսզի շուրջ 25 տնտեսվարող ավելի բարեկարգ պայմաններում իրականացնի վաճառք, իսկ մարզի մուտքը տպավորի այցելուներին ոչ միայն գեղեցիկ բնությամբ, այլև համեղ ու գրավիչ վաճառակետերով։
Մայիսի 15-ին տեղի ունեցավ եգիպտացորենի նոր վաճառակետերի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում առաջին խորհրդանշական բանալին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանձնեց Հաղարծնի բնակիչ Անժելա Բադալյանին, ում ընտանիքն այստեղ 30 տարի առաջ հիմնել է առաջին տաղավարը։
Համայնքի ղեկավարը նշում է, որ սա ոչ միայն զբոսաշրջության հոսքին նպաստող նախագիծ է, այլև կարևոր քայլ է տնտեսվարողների կյանքն ավելի լավը դարձնելու, նրանց հարմարավետ ու բարեկարգ միջավայրով ապահովելու համար։ GreenRock ընկերության հետ համագործակցությունը ցույց է տալիս, որ մասնավոր-պետություն համագործակցությունը կարող է արդյունավետ լինել, և մենք շարունակելու ենք միասին դեռ շատ ծրագրեր կյանքի կոչել։
Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ, բլոգերներ, ինչպես նաև Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչներ։