Գեղարքունիքում աշնանացանը հաջող է ձմեռել

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականին կատարված աշնանացան ցորենի ցանքերը հաջող են ձմեռել ու այս պահի դրությամբ միանգամայն կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, մարզի համայնքներում 2023 թվականին կատարվել է 10 հազար 323 հեկտար աշնանացան։
«Վարդենիս, Գավառ, Սևան, Մարտունի, Ճամբարակ համայնքներից աշնանացանի ցրտահարության մասին ահազանգեր չեն ստացվել։ Մյուս կողմից մեր և համայնքապետարանների մասնագետների դիտարկումները հաստատել են, որ աշնանացան ցորենի բոլոր ցանքատարածությունները հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար: Մնում է հուսալ, որ հետագա եղանակային պայմանները ևս կնպաստեն ցորենի արտերի աճին ու բարձր բերքատվությանը», - ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան