Գնել Սանոսյանը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է ընդերքի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին առկա բազմաոլորտ համագործակցությունը։
Կանատ Բիսիմբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուվածքերի զարգացման, շինարարության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ղազախական կողմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում տարբեր ենթակառուցվածքների շինարարության ոլոտում ղազախական ընկերությունների հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն աշխատանքային կարգով քննարկել փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները։
Քննարկվել է նաև ընդերքի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարը հետաքրքրվել է ընդերքի ոլորտում Օգտակար հանածոների պաշարների հաշվետվությունների միջազգային կոմիտեի (CRIRSCO)-ի ստանդարտների ներդրման ղազախստանյան փորձով։
Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում տեղեկատվական և մասնագիտական աջակցություն ցուցաբերել վերը նշված ստանդարտները Հայաստանում տեղայնացնելու հարցում։