Ապահով ծերության անվտանգության բարձիկը. ինչ երաշխիքներ է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգը․ Արմենպրես

Ապահով ծերության անվտանգության բարձիկը. ինչ երաշխիքներ է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգը․ Արմենպրես

Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից անցել է արդեն 10 տարի: Քաղաքացիներից շատերը սկզբնական շրջանում թերահավատորեն էին մոտենում համակարգին, այսօր արդեն Կենտրոնական դեպոզիտարիայում նկատում են մարդկանց կողմից վերաբերմունքի փոփոխություն, հետաքրքրվածության բարձրացում, կենսաթոշակային հաշիվները ստուգելու նպատակով իրականացվող հարցումների թվաքանակի աճ: Թե ֆոնդի կառավարիչ ընկերությունից, թե պետական օղակից  ընդգծում են՝ համակարգն օգնում է մարդկանց մոտ ձևավորել խնայողություններ կատարելու մշակույթը, և որ ամենակարևորն է՝ կենսաթոշակային տարիքում ֆինանսական որոշակի անկախություն ունենալու հնարավորություն է տալիս: «Արմենպրես»-ը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող մանրամասների, համակարգի ռիսկերի, երաշխիքների մասին զրուցել է Կենտրոնական դեպոզիտարիայի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ:

Ովքե՞ր և ինչպե՞ս են կուտակում

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու աշխատավարձից կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար, կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Սակայն 5/5 տոկոս հարաբերակցությունը պահպանվում է մինչև մասնակցի 500 հազար դրամ եկամուտը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը, օրինակ, 600 հազար է,  ապա կուտակվող 10 տոկոսից՝ այսինքն՝ 60 հազար դրամից 25 հազարը՝ որպես առավելագույն գումար, տալիս է պետությունը, իսկ մասնակցի մասնաբաժինը դառնում է 35 հազար: Սահմանված է նաև կուտակումների առավելագույն շեմ: Այդ շեմը նվազագույն աշխատավարձի 15–ապատիկն է, այսինքն՝ մասնակցի աշխատավարձի 1 մլն 125 հազարը գերազանցող մասից կուտակում չի արվում, 112 հազար 500 դրամն առավելագույն գումարն է, որ մասնակիցը կարող է կուտակել: Սակայն հարկային մարմին դիմելու դեպքում կարելի է հրաժարվել առավելագույն շեմի կիրառումից:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները: Իսկ թե ինչպես է հաշվարկելու 1974–ից հետո ծնված այն քաղաքացու կենսաթոշակը, ով աշխատել է նաև մինչև այս համակարգի ներդրումը, Կենտրոնական դեպոզիտարիայի գործառնական տնօրեն, Կենսաթոշակային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար, գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը պարզաբանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելով՝  չեն բացառել մյուս համակարգերը: Կա բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: «Եթե քաղաքացին աշխատել է նաև մինչև համակարգին միանալը, ապա կստանա բազային կենսաթոշակը, այսպես ասած՝ կենսաթոշակային նպաստը, որն այսօր 24 հազար դրամ է, դրան կգումարվեն մինչև 2014 թվականը աշխատանքային ստաժով պայմանավորված հավելումները, որին էլ կգումարվեն իր կուտակումները»,-նշում է Պետրոսյանը՝ հավելելով, որ, եթե մինչև 2014 թվականը՝ այսինքն համակարգի ներդրումը, քաղաքացու ստաժը 10 տարուց պակաս է, ապա զրոյական մակարդակին կգումարվեն միայն կուտակումները:

Մանրամասները՝ այստեղ