Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Առողջապահության նախարարության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրն արժանացել է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին:
Ծրագիրն ուղղված է Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանն ու դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը:
Ծրագրի աշխատանքների մեկնարկն ազդարարելու նպատակով Հայաստան են ժամանել Դիաբետի համաշխարհային հիմնադրամի (Դանիա) ներկայացուցիչներ, ովքեր առողջապահության նախարարության և Հայկական ակնաբուժության նախագծի մասնագետների հետ այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթալու ծրագրի մի քանի կարևոր բաղադրիչների։
«Մեր համագործակցության շարունակությունն է այս ծրագիրը»,- ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը և ընդգծել. «տարիների ընթացքում մեծացնելով բուժառուների խնամքի շրջանակը, ինչպես նաև առողջապահական քաղաքականության բարելավման և բուժանձնակազմի հզորացման ուղղությամբ կատարվող աշխատանքը, Հայաստանում ներդրել ենք նորարար լուծումներ, ինչպիսիք են` արհեստական բանականության միջոցով բուժառուի ակնահատակի դիագնոստիկան, տվյալների հավաքագրման ու վերլուծության առցանց շտեմարանի ստեղծումը, շարժական սարքերով գլիկոլիզացված հեմոգլոբինի ստուգման հնարավորությունը: Այս տարվանից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգ, ներդրվում է դիաբետի դպրոցների ստեղծման համակարգված մոտեցում և այլն»։
«Շատ արդյունավետ է համագործակցությունը: Հատկապես կարևոր էր, որ ստեղծեցինք դիաբետի ազգային ռազմավարությունը և գործողությունների պլանը, իսկ այս նոր ծրագրով կկարողանանք միասին իրականացնել առանցքային մի շարք միջոցառումներ», - նշել է ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Նորա Փահլևանյանը:
«Հայաստանում դիաբետի ազգային ռազմավարության իրականացում և կուրության կանխարգելում» ծրագրի շրջանակներում Երևանում և բոլոր մարզերում, առաջնային օղակում 2024-2027 թվականներին կիրականացվեն ակնային զննումներ, աչքի լազերային բուժում, առաջին անգամ կանցկացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգի ծրագիր, անհրաժեշտության դեպքում` պացիենտները կուղղորդվեն վիրահատությունների:
Բացի այդ, սարքավորումներով կհամալրվեն մարզային բուժհաստատությունները, կկազմակերպվեն բուժաշխատողների վերապատրաստումներ, կմշակվեն դիաբետի և դրա բարդությունների վարման կլինիկական ուղեցույցներ, մարզերում կհիմնվեն դիաբետի դպրոցներ: