Մասիս համայնքում աղետների ռիսկերի կառավարման ծրագիր կիրականացվի

Մասիս համայնքում աղետների ռիսկերի կառավարման ծրագիր կիրականացվի
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիր, որի բաղադրիչներից մեկը միտված է Մասիս համայնքում աղետների ռիսկերի կառավարմանը, կարողությունների զարգացմանը և ոլորտային հիմնախնդիրների կարգավորմանը:
Ծրագրի պատատասխանատու, Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր/ Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է ծրագիրը, ի մասնավորի նշելով, թե հաջորդական ինչ քայլեր են նախատեսվում բնակավայրերում՝ գնահատումներ, դրանց հիման վրա գործողությունների պլանավորում և այս համատեքստում կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը խնդիր ունի ինտեգրել նաև Մասիսում հանգրվանած արցախահայերին համայնքային կյանքին՝ ձևավորել միջավայր, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով, հմտություններով:
«Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ»-ի (ԱՌՆԱՊ) տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ԱՌՆԱՊ-ի մասնագետ Աշոտ Սարգսյանն էլ անդրադարձան ծրագրի կարևորությանը և ծրագրի իրականացումից հետո ակնկալվող արդյունքներին:
Ողջունելով ծրագրի իրականացման գաղափարը՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը նշել է, որ համայնքը պատրաստ է և կհամաֆինանսավորի այս ծրագիրը` հատուկ կարևորելով աղետների ռիսկերի կառավարման թեմատիկ ուղղությունը, որն անհրաժեշտ է համայնքին և կնպաստի (ռիսկերի գիտակցումով պայմանավորված) համայնքային զարգացման գործընթացի ապահովմանը:
Համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների կողմից ներկայացվել են առաջարկներ, հնչեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագիրը հնարավորինս շուտ մեկնարկելու վերաբերյալ: