Աշխատանքը կորցրած ուսուցիչները դեռ կարող են վերադառնալ դպրոց. Armradio.am

Աշխատանքը կորցրած ուսուցիչները դեռ կարող են վերադառնալ դպրոց.  Armradio.am

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները չեն կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Անցած տարի ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն տվեց այդ խմբի ուսուցիչներին մասնակցելու կամավոր ատեստավորմանը և շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Փորձը ցույց տվեց, որ ոչ բոլորը մասնակցեցին կամավոր ատեստավորմանը, իսկ մասնակցածներից ոչ բոլորը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։

Քանի որ տարիների աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ զրկվել են մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից, կառավարությունը նոր ծրագիր է սկսել իրականացնել, որով ֆինանսավորելու է այդ խմբի ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու համար։ 

Բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որոնք ձախողեցին թե՛ սեպտեմբերին անցկացված ատեստավորումը, թե՛ դրա երկրորդ հնարավորությունը մարտին, դեռ կարող են վերադառնալ դպրոց։ Չնայած մտահոգիչ վիճակագրությանը, ըստ որի դպրոցում դասավանդող ուսուցիչներից ավելի քան 1300-ը բարձրագույն կրթություն չի ունեցել, իսկ ատեստավորումը քչերն են հաղթահարել, կառավարությունը վերջին հնարավորությունն է տալիս նրանց մասնագիտությամբ աշխատելու։

Աշխատանքից ազատված ուսուցիչները կամ պետք է ևս մեկ անգամ փորձեն ուժերը ՝ նախապես վերապատրաստման դասընթաց անցնելով, կամ պետք է բարձրագույն կրթություն ստանան։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ ավելի քան 150 ուսուցիչ ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ շուրջ 500-ը՝ մասնակցելու վերապատրաստումներին։ ԿԳՄՍ նախարարությունում վստահ են՝ կառավարության որոշումից հետո բարձրագույնն ընտրողների թիվը կավելանա։ Կառավարությունը պատրաստ է փոխհատուցելու ամբողջ ուսման վարձը, բայց դա կախված բացառապես ուսուցչի առաջադիմությունից, հայտնեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Մանրամասները՝ այստեղ