ԿԳՄՍ-ն հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» դրամաշնորհային մրցույթ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով հաղթող մասնակցին/մասնակիցներին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում: Դրամաշնորհային ֆոնդը կազմում է 26 332 000 (քսանվեց միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ:
Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդների անձնային զարգացմանը, սոցիալական ներառմանը և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը և այլն:
Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մայիսի 28-ը՝ ժամը 12:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։