ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալն այցելել է Սյունիք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալն այցելել է Սյունիք
Այսօր, Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը հանդիպել է մարզային և համայնքային իշխանությունների և ՄԱԶԾ-ի ծրագրերից տեղերում ուղղակիորեն օգտվող փախստականների հետ և վերահաստատել ՄԱԶԾ-ի լիակատար աջակցությունը համայնքների դիմակայունության բարձրացման և փախստականներին հայաստանան հասարակությանն ինտեգրման գործին:
ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալն ուրախ էր տեսնել Տեղ համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների հարցով խորհրդատվական խորհրդի անդամների ոգևորությունը: Խորհուրդը միտված է տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, լուծում է փախստականների խնդիրները և նրանց ձայնը լսելի դարձնում համայնքի բոլոր գործերում:
Փախստական կանանց և երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, Իվանա Ժիվկովիչը քննարկել է փախստականների կարիքները, սոցիալական համախմբվածության ամրապնդման ուղիները և առաջացող խնդիրներն առավել ներառական և արդյունավետ լուծելու ուղիները:
Տեղ համայնքում տիկին Ժիվկովիչը մասնակցել է նաև պարզ թաքստոցի բացմանը և ծանոթացել Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող պայթուցիկ զինամթերքի և ականների վտանգների մասին իրազեկման արշավների արդյունքներին:
Գորիսում և Վերիշենում ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալը տեղում ծանոթացել է «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) նախաձեռնության շրջանակներում իրականացված ծրագրերին և զրուցել շահառուների հետ։