ԿԲ․ կուտակային կենսաթոշակային համակարգը գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը

ԿԲ․ կուտակային կենսաթոշակային համակարգը  գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը
Մայիսի 7-8-ըԿենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Կենտրոնական բանկի և Համաշխարհային բանկի համատեղ կազմակերպված գիտելիքի փոխանակման և թեմատիկ քննարկման երկօրյա համաժողովը` նվիրված կենսաթոշակային և սոցիալական ապահովության խնդիրներին։
Համաժողովը համախմբել էր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տասներեք երկրի քաղաքականություն մշակողների, ոլորտային, կենսաթոշակային ու սոցիալական ապահովագրության բնագավառի պետական փորձագետների:
Համաժողովին ներկայացվել է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների Հայաստանի, Խորվաթիայի, Միացյալ Թագավորության, Վրաստանի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների փորձը, դիտարկվեցին ոլորտի միջազգային լավագույն մոտեցումները, նորարարությունները, մարտահրավերները և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից առաջարկվող լուծումները։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն իր խոսքում նշել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգն իր գործունեության 10 տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Նա շեշտել է, որ այն հաջողությամբ շարունակում է իրականացնել կենսաթոշակային տարիքում համակարգի մասնակիցների համար բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ապահովման նպատակը: ԿԲ նախագահի տեղակալն ընդգծել է նաև համակարգի ևս մի կարևոր գործառույթ. այն խթանում է կապիտալի շուկայի զարգացումը` կուտակված խնայողություններն ուղղելով տնտեսության ֆինանսավորմանը։