«Մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ»․ Արարատ Միրզոյան

«Մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ»․ Արարատ Միրզոյան
Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Միրզոյանը նաև նշել է.
«Իհարկե, մեր հարաբերություններում չափազանց կարևոր է նաև, և առհասարակ միջազգային հարաբերություններում, տնտեսական փոխգործակցությունը։ Եվ ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել և նորից հանրության հետ ևս մեկ անգամ խոսել Հայաստանի կողմից միջազգային տնտեսական ծրագրերի կարևորությունը հասկանալու և այդ միջազգային տնտեսական ծրագրերի մաս լինելու ցանկության մասին։ Ես ուզում եմ խոսել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության մասին։ Սա մի նախաձեռնություն է, որը նախատեսում է ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և ոչ միայն տրանսպորտային հանգույցները, կապերը, ենթակառուցվածքները մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ինչը հնարավոր կդարձնի դյուրացնել ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները և ծառայությունների փոխադրումներն Արևելքից Արևմուտք, այդ թվում՝ ՀՀ տարածքով:
Նույն համատեքստում մենք դիտարկում ենք նաև Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի մատակարարման հարցը ԵՄ անդամ երկրներ։ Կան այս մասին կոնկրետ նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք դեռ քննարկման փուլում են, կամ արդեն շուտով կլինեն իրականացման փուլում։ Եվ ահա Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մաս կազմել այս բոլոր նախաձեռնություններին։
Նաև ուզում եմ ասել, որ կա մի երկրորդ գործոն, որը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար. դա խաղաղությունն է։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ օգտվել առիթից և վերահաստատել ՀՀ հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմանը»։