Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով

Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2024-2025թթ․ ուստարվա համար կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով։ Այն կդասավանդվի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում՝ բակալավրի որակավորման տրամադրմամբ։ Սա այս տարի ներդրվող երկրորդ կրթական ծրագիրն է՝ Պոլիտեխնիկի շրջանավարտների ներգրավմամբ, նրանց, ովքեր այսօր աշխատաշուկայում գործում են մասնագիտական ուղղվածությամբ, ներկայացնում են բիզնես համայնքը և ոլորտի առաջընթացի ապահովման համար ստեղծում են նոր տեխնոլոգիական արժեքներ։

Մեկնարկը տրվեց պրեզենտացիայով և պանելային քննարկմամբ:

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր.

«Արձանագրենք, որ Պոլիտեխնիկն իր գործունեության 91 տարիների ընթացքում մեկտեղելով տեխնոլոգիական և բնագիտական կրթությունը, եկել է այն հանգրվանին, որ արդեն պատրաստ է իրականացնելու տվյալագիտության մասնագիտական կրթության կազմակերպում։ Կարևոր է, որ այսօրվա միջոցառմանը մենք կխոսենք տվյալագիտության հեռանկարների մասին։ Առավել կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները, մեր ապագա դիմորդները, որոնք կրթական ծրագրի ղեկավարի, մասնավոր ոլորտի այլ ներկայացուցիչների միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհի տեխնոլոգիական անցուդարձին և մասնավոր հատվածում կատարվող իրադարձություններին: Նաև, թե այս ընթացքում տվյալագիտությունը ինչ խնդիրներ է լուծում»։

Կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Էդիլյանը շնորհավորեց մեկնարկի կապակցությամբ, նշեց, որ սա լավ հնարավորություն է նոր, պահանջված մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար։ Էդիլյանը ներկայացրեց տվյալագիտության ոլորտի արդի մակարդակն ու զարգացման միտումները։ Ուսուցման հիմքում դրվելու է «սովորեցնել սովորել» հայեցակարգը:

Ուսանողները կուսումնասիրեն մաթեմատիկական, ծրագրավորման և առհասարակ տեխնիկական ոլորտի առարկաներ՝ միշտ լինելով տեղեկացված ու բանիմաց:

Պանելային քննարկման թեմաներն էին.
1. Տվյալագիտության դերը մարդկության կյանքում, տվյալագիտության, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարբերությունները,
2. Մասնագետների համար մասնավոր ոլորտում ուրվագծվող հեռանկարները,
3. Տվյալագիտություն կրթական ծրագրով ընդունվելու և հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ պատրաստվածությունը։

Քննարկմանը մասնակցել են․
* ամերիկյան «Գուգլ» ընկերությունից՝ մեքենայական ուսուցման ինժեներ, տեխնիկական ղեկավար Գագիկ Ամիրխանյանը,
* «Բոսթոն Ջեն» ընկերության տվյալների վերլուծաբան, համակարգչային տեսլականի և մեքենայական ուսուցման ինժեներ Արման Պետրոսյանցը,
* «Դատա Արտ» ընկերության ավագ փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի մասով բիզնես կլաստերի ղեկավար Արսեն Բաղդասարյանը,
* «Տվյալագիտություն» ծրագրի ղեկավար, «ԷՅ-ԷՅ-Դեվել» ընկերության հիմնադիր, «Երիտասարդ ծրագրավորողներ» հ/կ համահիմնադիր, ՀԱՊՀ շրջանավարտ Սուրեն Էդիլյանը,
* «Սինոփսիս Արմենիա» ընկերության տվյալագիտության ավագ ճարտարագետներ Վարդան Գրիգորյանցը և Սերգեյ Միրզոյանը:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ վարդանյանի ամփոփումը.

«Բնագիտության և տեխնոլոգիական կրթության ընդհանրությունը, նաև կարող ենք արձանագրել, որ հատվում է տվյալագիտության շուրջ, և արդեն ժամանակն է, որ Պոլիտեխնիկը, որպես տեխնոլոգիական համասարան, մասնավոր ոլորտի, ինդուստրիայի պահանջարկից ելնելով ունենա այս կրթական ծրագիրը: 130 000-ից ավելի շրջանավարտների համայնքով, որոնք այսօր ներկայացնում են տեխնոլոգիական ոլորտը, մենք կարողանում ենք ճկուն համագործակցել ու բավարարել երիտասարդ կադրերի ներգրավման կարիքը»։