Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի փոխնախագահին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի փոխնախագահին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այսօր ընդունել է «Կազա Իտալիա» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիին։
Ըստ Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության, քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով բնակելի տների նախագծման և կառուցման ոլորտում ընկերության փորձը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում կիրառելու վերաբերյալ հարցեր։
Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ նախատեսվող անհատական բնակելի տների կառուցման գործընթացի առանցքային սկզբունքներն են արագությունը, մատչելիությունն ու որակը, և հույս հայտնել, որ դա հաշվի առնելով՝ ընկերությունը կձևավորի նախագծային առաջարկ՝ ծրագրում կիրառելու նպատակով․ «Այժմ կոմիտեն հավաքագրում է ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով անհատական բնակելի տների կառուցման նախագծերի առաջարկներ, որոնցից լավագույնները հրապարկվելու են որպես տիպարային նախագծեր»։
Ֆեդերիկո Պոլիդորին ներկայացրել է ընկերության փորձը Հայաստանում և արտերկրում։ Նա տեղեկացրել է թեթև պողպատյա կոնստրուկցիաների կիրառմամբ «Կազա Իտալիա»-ի գրանցած հաջողությունների մասին և հայտնել Հայաստանում արտադրություն հիմնելու մտադրության մասին։ Դիտարկվել է ժամանակակից տեխնոլոգիան նաև դպրոցաշինության և այլ ծրագրերում կիրառելու հեռանկարը։ Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել նախանշված ուղղություններով։