Սոթքում ընթանում են թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները

Սոթքում ընթանում են թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները։ Հատկացված գումարը բաշխվել է հրետակոծությունից տուժած 4 ընտանիքների։ 21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար։ 

17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար։ 

17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար։ 

22 միլիոն 981,7 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 10 հասցեում բնակելի տան կառուցման համար։ 

 «Վերոնշյալ հասցեներում 4 բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբեր ամսից։ Դրանք ընդհատվել են ձմեռային  եղանակի պատճառով, ապա շարունակվել այս տարվա ապրիլից։ 2024 թվականի մայիսի սկզբի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 35 տոկոսով։ Շինարարությունը նախատեսած է ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը», - տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան