Orion Score-ը՝ ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու հարթակ. Արմենպրես

Orion Score-ը՝ ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու հարթակ. Արմենպրես

Ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու, ստարտափներին սեփական պրոդուկտի մասին գնահատական տալու, ուժեղ և թույլ կողմերը նշելու և շուկայում ուղղորդելու, ներդրողներին ստարտափի մասին ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու նպատակով ստեղծվել է Orion Score ստարտափների գնահատման համակարգը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Orion Score-ի համահիմնադիրներ, Orion Worldwide Innovations ընկերության հիմնադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Էմմա Առաքելյանը և Orion Worldwide Innovations Armenia ընկերության համահիմնադիր Դիանա Արզումանյանը նշեցին՝ գնահատման համակարգը հաշվի է առնում ստարտափի արագացված աճի համար էական նշանակություն ունեցող գործոնները:

«Orion Worldwide Innovations-ը ստարտափ էկոհամակարգում գործունեություն է իրականացնում արդեն 5 տարի: Աշխատանքի բերումով հաճախ հանդիպում էինք ստարտափների, փորձում օգնել նրանց, հասկանալ իրենց ներուժը, ուժեղ և թույլ կողմերը՝ ներդրողներին ավելի գրավիչ ներկայանալու համար: Այն շատ աշխատատար և երկար գործընթաց է, որի համար էլ փորձեցինք ավտոմատացնել ստարտափների գնահատման չափանիշների գնահատումը՝ հնարավոր դարձնելով րոպեների ընթացքում 5 խմբի 20 հարցի միջոցով ստանալ ստարտափի վերաբերյալ գնահատական», - ներկայացրեց ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը: 

Orion Score-ը հիմնադրվել է 2023 թվականին, սակայն դրա ստեղծման գաղափարը հիմնադիրները դեռևս 2022-ին են ունեցել: 

«Աշխարհում ամեն տարի 300 մլն-ից ավելի ստարտափներ են ստեղծվում: Կան  աքսելերատորներ, ինկուբատորներ, որոնք կարողանում են գնահատել ստարտափները, սակայն դրանք արվում են մարդկային գործոնի ներդրմամբ: Մեր համակարգը ստարտափին գնահատում է առանց մարդկային գործոնի կիրառելիության՝ հենված լինելով ալգորիթմների վրա: Ալգորիթմի սխալվելու հավանականությունը ավելի քիչ է, քան մարդունը: Ստարտափները հաճախ չեն պատկերացնում, թե ներդրողներին ինչ է պետք, իսկ մեր հարցերը աշխարհի բոլոր ներդրողների փորձի հիման վրա են ձևակերպված: Ալգորիթմը հնարավորություն է տալիս ավելի պատրաստված լինել շուկա մտնելիս: Սա հիմնականում նախնական գնահատական է», - հայտնեց համահիմնադիր Էմմա Առաքելյանը:  

Ստարտափի համահիմնադիրները նշեցին՝ բոլոր ոլորտները թվայնացման են գնում, այս ոլորտն անմասն մնալ չի կարող: 

«Բանկերն ունեն նույն խնդիրը՝ ինչքան է հաճախորդը վարկունակ․ բանկն այստեղ մեծ ռիսկի հետ է առնչվում: Նույն գործընթացը կատարվում է նաև այս ոլորտում. ներդրողը պետք է հասկանա, թե ստարտափն ինչքանով է կենսունակ՝ նվազեցնելով իր ռիսկերը: Մենք հենց այս խնդիրն ենք լուծում»,- մանրամասնեց Արզումանյանը: 

Orion Score համակարգն արդեն կիրառվում է ամերիկյան հեղինակավոր Jacobs Technion-Cornell Institut-ի կողմից և փորձարկման փուլում է մի շարք VC-ների կողմից: Արդեն 15 ընկերություն օգտվել է հարթակից:

Ավելին`   armenpress.am