Տեխնոլոգիական կրթությունը կարող է պահանջված լինել ՊԵԿ համակարգում՝ երաշխավորելով բարեկեցիկ կյանք ու սոցիալական երաշխիքներ

Տեխնոլոգիական կրթությունը կարող է պահանջված լինել ՊԵԿ համակարգում՝ երաշխավորելով բարեկեցիկ կյանք ու սոցիալական երաշխիքներ

Տեխնոլոգիական կրթությունը կարող է պահանջված լինել Պետական եկամուտների կոմիտեի համակարգում՝ երաշխավորելով բարեկեցիկ կյանք ու սոցիալական երաշխիքներ. այս հիմնական ուղերձով Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանդիպել են ՀԱՊՀ ուսանողության հետ:

ՊԵԿ Ուսումնական կենտրոնի, Ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների ու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչները պատմեցին ոլորտային քաղաքականության, գործառույթների, վարչարարության առանձնահատկությունների մասին:

Ողջույնի խոսքում ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը արձանագրել է, որ պետական ոլորտի կառավարման գործընթացներում արդյունավետության համար անխուսափելի է տեխնիկական կրթությամբ մասնագետների ներգրավումը։ Հաշվի առնելով կառավարությունում կրիպտոարժույթների, դրանց վերահսկման ու հարկման անհրաժեշտության շուրջ քննարկումները և հիշեցնելով օրերս ՀԱՊՀ-ում հայտարարված «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» նոր կրթական ծրագրի մեկնարկը, ռեկտորը վստահություն հայտնեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները իրենց գիտելիքով կարող են ուղիղ մասնակցել պետական կառավարման ոլորտում մասնագիտական աշխատանքի իրականացմանը:

Գոռ Վարդանյան, ՀԱՊՀ ռեկտոր. «Ըստ էության, պետության զարգացման պատասխանատուն պետական ապարատներն են, իսկ պետական ապարատները չեն կարող որակյալ կադրերի բացակայության դեպքում այդ առաքելությունն իրականացնել։ Մասնավոր ոլորտի կազմակերպությունների հանդիպումների հետ համեմատելով, կարող եմ արձանագրել, որ այս հանդիպումը առանձնահատուկ է մեզ համար, որովհետև մենք ձեզ հետ համագործակցության արդյունքում պետք է ստեղծենք այն ճանապարհը, որտեղ մեր ուսանողները կհավատան, որ պետական կառավարման ապարատում աշխատելով՝ որակյալ մասնագիտական աշխատանքի և պետական ծառայության խնդիր կլուծեն»։

Պոլիտեխնիկը, որպես ազգային տեխնոլոգիական համալսարան, լավագույնս կարձագանքի ՊԵԿ-ի առաջարկներին և մեր ուսանողները կսկսեն մտածել պետական ապարատում աշխատելու մասին, ընդգծել է Գոռ Վարդանյանը։

ՊԵԿ-ի ներկայացուցիների խոսքով՝ հանրային իրազեկման արշավի նպատակը նաև վերջին տարիներին իրենց կառույցի շուրջ ձևավորված կարծրատիպերը կոտրելը, հանրային շրջանակների հետ երկխոսելը, շահագրգիռ կողմերի համար շարունակական կրթության հնարավորություն ապահովելն է։

Ելույթներին հետևել է հարցուպատասխան՝ հանդիպման բուն առարկայի և ՊԵԿ ոլորտի զարգացման թեմաներով: