Արագածոտնի մարզխորհրդում ամփոփվեց մարզի զարգացմանն ուղղված համընդհանուր աշխատանքի եռամսյակը

Արագածոտնի մարզխորհրդում ամփոփվեց մարզի զարգացմանն ուղղված համընդհանուր աշխատանքի եռամսյակը
Այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ, որը հաշվետվությամբ ամփոփեց մարզպետի աշխատակազմի և համայնքների փոխգործակցային աշխատանքի հերթական եռամսյակը։ Ներկա էին մարզխորհրդի անդամները, մարզպետի աշխատակազմի և համայնքների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
Նիստի բացումն ազդարարեց մարզպետ, Արագածոտնի մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց, որ որպես մարզի ղեկավար կարևորում է սերտ համագործակցությունը, որից էլ բխում է միասնական աշխատանքի լավագույն արդյունքը։
Զեկուցումներ ներկայացրին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Օրակարգի հաստատումից հետո զեկուցողներին ու զեկուցման թեմաներն ունկնդիրներին ներկայացրեց մարզպետը։
Ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը առաջին զեկուցման շրջանակում մանրամասներ ներկայացրեց մարզի համայնքների 2024թ. 1-ին եռամսյակի սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների վերաբերյալ։ Նա կանգ առավ մարզի բոլոր 8 համայնքների ցուցանիշների վրա՝ արձանագրելով, որ ընթացիկ արդյունքները բավարար են, որոշ համայնքների դեպքում՝ նույնիսկ գերազանց։ Մարզպետը հանձնարարեց տարվա 2-րդ եռամսյակի ավարտին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընդհանուր ցուցանիշը հասցնել 50 %-ի:
Զեկուցողը ներկայացրեց ևս մեկ հաշվետվություն՝ «2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման, հաստատման գործընթացների վերաբերյալ» թեմայով։
Հաջորդ զեկուցումը «Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022-2023թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ» էր, ներկայացրեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։ Լրացնելով թեման՝ նա խոսեց նաև «Մարզում 2024թ. իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ»։ Թեմայի շրջանակներում վարչության պետը հանգամանալից դիտարկեց մարզում վերակառուցման ընդհանուր գործընթացը, արձանագրեց թերություններն ու խնդիրները։
Հակոբ Ստեփանյանն իր ելույթն ամփոփեց «Մարզի բնակավայրերի մուտքի և ելքի ցուցանակների վերաբերյալ» և «Պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների վերաբերյալ» թեմաներով ընթացիկ և կատարված աշխատանքն արտացոլող տեղեկատվությամբ։ Հաղորդվեց, որ 78 նոր ցուցանակներ են դրվել մարզային նշանակության ճանապարհների վրա գտնվող 52 բնակավայրերում։
«Մարզի համայնքներում 2023թ. ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ» և «Տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ծառայողների 2024թ. կայանալիք վերապատրաստման դասընթացների կազմակերպման վերաբերյալ» զեկուցեց ՏԿ և ՏԻՀ վարչության գլխավոր մասնագետ Արմեն Կարապետյանը։ Վերապատրաստման դասընթացների վերաբերյալ զեկուցվեց, որ կատարված աշխատանքների արդյունքում համայնքային ծառայողների վերապատրաստումները կիրականացվեն հենց սեփական համայնքներում՝ լավագույն մասնագետների ներգրավմամբ։
Նիստը շարունակվեց դպրոցաշինական ծրագրերի մասին զեկուցմամբ, որը ներկայացրեց մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ մարզում պետական ծրագրերով կառուցվում են 24 դպրոցներ և առնաձնահատուկ կանգ առավ այժմ կառուցման փուլում գտնվող 5 դպրոցի և 11 դպրոցի կառուցման համար կայացած մրցույթների արդյունքների և դրանց շինարարության նախապատրաստական աշխատանքների վրա, ինչպես նաև հավելեց, որ ևս 7 դպրոցների մրցույթներն ընթացքի մեջ են։
Խորհրդականի հաջորդ զեկուցումը Արագածոտնի մարզում էներգաարդյունավետությանը և էներգետիկ ազատականացմանն ուղղված «Արագածոտն-1» արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագրի ընթացքի վերաբերյալ էր»։ Ծրագրի շահառու են հանդիսանում 125 օբյեկտներ՝ Արագածոտնի մարզպետարանը, նրա ենթակայության 118 դպրոցներն ու 6 բժշկական կենտրոնները։ Կայանի հիմնման արդյունքում այս օբյեկտների էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կկրճատվի 90,5 %-ով։ Նշվեց, որ ծրագիրը դրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Կառավարություն։
Հաջորդիվ ներկաների ուշադրությունը հրավիրվեց մարզի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող գյուղոլորտի ընթացիկ աշխատանքների վրա, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ներկա պատկերի մասին զեկուցեց գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը։ Ընգծելով, որ այժմ ոռոգման ակտիվ սեզոնն է՝ Յուրա Ազատյանն արձանագրեց, որ ջրամբարներում նախորդ տարվա համեմատությամբ էականորեն ավել ջուր կա, ինչը խոստանում է՝ այս տարի ոռոգման հետ կապված շատ խնդիրներ չեն լինի։
Վարչության պետն անդրադարձավ նաև պետական աջակցության ծրագրերի իրազեկման և շահառուների ներգրավման աշխատանքներին։
Վերջին զեկուցումը «Համայնքների կողմից 2025 թ․ սուբվենցիայի ծրագրային հայտերի և տեխնիկական բնութագրերի ներկայացման ընթացքի վերաբերյալ» էր, որը ներկայացրեց զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։
Բոլոր ելույթներից հետո մարզպետը հարցեր ուղղեց զեկուցողներին և վերհանելով ոլորտային խնդիրները՝ համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։
Ամփոփիչ խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և բոլորին արդյունավետ աշխատանքային եռամսյակ մաղթեց։