Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պայմաններում վարկերի տոկոսադրույքները չեն նվազել. ԿԲ նախագահ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պայմաններում վարկերի տոկոսադրույքները չեն նվազել. ԿԲ նախագահ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը դեռ չի հանգեցրել վարկերի տոկոսադրույքի նվազման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 30-ի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Վարկերի տոկոսադրույքի էլաստիկությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում: Եթե կհիշեք՝ երբ տոկոսադրույքը (վերաֆինանսավորման – խմբագր) 4.25-ից բարձրացրեցինք մինչև 10.75, այսինքն 6.5 տոկոսով, վարկերը բնավ չավելացան նույն չափով՝ շատ ավելի նվազ չափով ավելացան: Հիմա մենք այդ պիկից կրճատել ենք արդեն 2.5 տոկոս: Տեսնում ենք, որ մեր տոկոսադրույքի նվազեցումը որոշակի ազդեցություն է ունեցել պետական պարտատոմսերի շուկայի վրա: Մեր նախորդ որոշումից մինչև այս պահն ընկած ժամանակահատվածում, որը մոտավորապես 6-7 շաբաթ է, եկամտաբերության կորը որոշակի նվազել է: Բայց վարկերի մասով այս պահի դրությամբ տոկոսադրույքի էական նվազում դեռ չունենք», - նշեց ԿԲ նախագահը: