Մեկնարկել է «Հավասարություն և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը

Մեկնարկել է  «Հավասարություն և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Հավասարություն և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը, որը իրագործվելու է նախարարության և ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության` հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանը, շահագրգիռ գերատեսչությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մեկնարկող ծրագիրն իրականացվելու է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում՝ 3 տարի ժամկետով, որի նպատակն է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետ էկոհամակարգ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար փաստարկված, իրենց տարիքին ու կարիքին համապատասխան փաթեթներ։ Միաժամանակ, ապահովել հասարակական սեկտորի ակտիվ ներգրավումը քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացում, նպաստել անձի ֆունկցիոնալության գնահատման նոր գործիքների ներդրմանն ու փորձարկմանը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների զարգացմանը։
Գործընկեր կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ ծրագրի շրջանակում կիրագործվեն հետևյալ միջոցառումները․ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում, մշակվող ոլորտային քաղաքականության գործընթացում ակտիվ մասնակցություն, հասարակության բոլոր շերտերում սոցիալական ներգրավվածություն։
Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար Ալավերդի և Վարդենիս քաղաքներում կստեղծվեն գույքադարաններ՝ անհրաժեշտ վերականգնողական, զգայական և դիրքավորման գույքով հարմարեցված։
Երևանում, Գյումրիում և Վանաձորում կկազմակերպվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար դասընթացներ՝ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև վերականգնողական մասնագետների և ծնողական համայնքի հետ փորձի փոխանակում և այլ հմտությունների զարգացում։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվել է միջոլորտային և միջազգային կառույցների հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում մեկտեղելու ջանքերն ու հիմնարար փոփոխությունները կյանքի կոչելու գործընթացում՝ ապահովելով նրանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները։
Մեկնարկող ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է գործընկեր կազմակերպությունների՝ Վորլդ Վիժն Ֆրանսիա, Վորլդ Վիժնի երեխաների պաշտպանության հիմնադրամի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» ՀԿ-ների և «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից։