Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները․ կողմերն անդրադարձել են նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և իրականացման գործընթացը՝ հիմնված ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների վրա։ Նախարարի խոսքով՝ նոր համակարգի ներդրմամբ ֆունկցիոնալության գնահատման գործընթացը դարձել է առավել պարզ, թափանցիկ ու հասցեական՝ հնարավորություն ստեղծելով բազմակողմանիորեն գնահատել քաղաքացիների կարիքները, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շեշտել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած ոլորտային համագործակցության դերն ու այս համատեքստում ողջունել Հայաստանի հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ Հայաստանում համատեղ միջոցառում անցկացնելու հնարավորությունը։