Հայաստանը գրեթե 2 անգամ ավելացրել է պտուղ-բանջարեղենի մատակարարումը ՌԴ. «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանը գրեթե 2 անգամ ավելացրել է պտուղ-բանջարեղենի մատակարարումը ՌԴ. «Ռոսսելխոզնադզոր»
Ապրիլի 20–ի դրությամբ Հայաստանը ՌԴ-ին մատակարարել է 20,8 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, ինչը 1,9 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի բանակցությունները:
Նշվում է, որ արձանագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճ. հիմնականում արտահանվում է խաղող, լոլիկ և վարունգ։

Բացի այդ, ապրիլի 22–ից «Ռոսսելխոզնադզորը» թույլատրել է Հայաստանի չորս ընկերությունների՝ «Լուլա» ՍՊԸ–ին, «Էկոտավուշ» ՍՊԸ–ին, «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին և «Գոլդեն գոութ» ՓԲԸ–ին կաթնամթերք մատակարարել ՌԴ:

Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները, որ կաթի վերամշակման ձեռնարկություններում արտադրության պայմանները և դրանց արտադրանքը համապատասխանում են ԵԱՏՄ պահանջներին։

Աղբյուրը`   arm.sputniknews.ru