Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը, ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի երկրորդ՝ «Ֆինանսների նախարարությունե»բաժնի դրույթներից, համաձայն որի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ օգտավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի կանոնավոր գործընթաց: Գնահատման համակարգի ներդրման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգ», մշակվել է «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույց»:

«Թեեւ հայեցակարգը հաստատվել է, այդուհանդերձ բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի Կառավարությունն իրավասու է իրականացնելու բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ», - մանրամասնել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Նախագծով առաջարկվում է սահմանել նշված լիազորող նորմը՝ ՀՀ կառավարությանը վերապահելով բյուջետային ծրագրի գնահատման լիազորություններ, ինչպես նաեւ կտրվեն որոշ տերմինների սահմանումներ, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման համար:

Ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նաեւ գնահատման գործառույթի վերաբերյալ: «Սա վերահսկողական գործառույթ չէ, գնահատման գործառույթը վերլուծական աշխատանք է լինելու, եւ ըստ էության, այս բարեփոխումները զուգորդվում են մեկ այլ բարեփոխման հետ: Ինչպես գիտենք, Ֆինանսների նախարարությունը Պետական վերահսկողության ծառայությանն է փոխանցում իր ներկայիս ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթները: Այսինքն, մենք փորձում ենք առավել օպտիմալ ձեւով կառավարել գործընթացը»,- ասել է Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ գնահատման մեթոդաբանությունն իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա: Մեթոդաբանությունը հիմնականում հանդիսանում է վերլուծական աշխատանքների գործընթաց, որին ներգրավված են միջազգային եւ տեղացի փորձագետներ:

Նախագիծը իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից եւ նիստի ընթացքում ներկայացվել են փորձաքննության արդյունքների վերաբերյալ դիտարկումները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: