Վերին Լարսի անցակետը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է։ Պատճառը վրացական հատվածում կատարվող վերանորոգման աշխատանքներն են։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ավտոճանապարհների դեպարտամենտից։

«Ցերեկային ժամերին կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար ճանապարհը փակ է լինելու։ Սահմանափակումը կապված է ճանապարհի որոշ հատվածներում տարվող աշխատանքներով», – նշել են դեպարտամենտից։

Ընդ որում, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետություն–Ալանիա գլխավոր վարչության օպերատիվ հերթապահ Գերման Գաբարաևի տվյալներով՝ Վլադիկավկազ–Լարս հատվածում ծանր բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ արգելվել է ապրիլի 19-ի ժամը 10։30-ից։

Նա նաև նշել է, որ սահմանափակումները կապված են Վրաստանի տարածքում Մցխեթա–Ստեփանծմբինդա–Լարս ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների հետ։